ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց կենսագրություններն ու հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք ՄՍԾ պետի տեղակալ Աննա Բեգլարյանին՝ նրա մասնագիտական ուղին և ունեցվածքը։
Աննա Բեգլարյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 2-ին։ Նա 2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2012-2014 թվականներին ուսումը շարունակել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ։
Բեգլարյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել հարկային համակարգի հետ։ 2014-2016 թվականներին նա աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում՝ որպես հարկային տեսուչ։ 2016-2017 թվականներին նույն ոլորտում զբաղեցրել է հարկային տեսուչի պաշտոն, իսկ 2017-2020 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության գլխավոր հարկային տեսուչ։
2020-2025 թվականներին Բեգլարյանը ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության փոքր հարկ վճարողների վերլուծության և մոնիթորինգի բաժնի պետի տեղակալն է եղել։
2025 թվականի սեպտեմբերի 22-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ։
Բնակարան և «Toyota»
Աննա Բեգլարյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին և վերջում նրա անունով առկա է եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարան։
Բնակարանը նրա միանձնյա սեփականությունն է, այն ձեռք է բերվել 2019 թվականի մայիսի 17-ին՝ գնման եղանակով։ 2025 թվականի ընթացքում Բեգլարյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա բնակարանը չի օտարել։
Նրա անունով առկա է եղել նաև 2009 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենան ձեռք է բերվել 2022 թվականի օգոստոսի 29-ին՝ նվիրատվության եղանակով ։
Հայտարարագրում բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, բանկային ավանդներ, 4 մլն դրամ և ավելի արժեք ունեցող թանկարժեք գույք, էլեկտրոնային հաշիվներ կամ կրիպտոարժույթներ չեն նշվել։
2025 թվականի սկզբին Բեգլարյանի բանկային հաշիվներում եղել է 6 մլն 236 հազար 451 դրամ և 33.97 եվրո։
Տարվա վերջին դրամային միջոցների մնացորդը կազմել է 5 մլն 205 հազար 630 դրամ ։
Կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։
9.2 մլն դրամ եկամուտ
2025 թվականի ընթացքում Աննա Բեգլարյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 212 հազար 286 դրամ։
Այդ գումարից 461 հազար 43 դրամը կազմել է եկամտային հարկի վերադարձը։
Միասնական սոցիալական ծառայությունից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ձևով նա ստացել է 2 մլն 362 հազար 827 դրամ, իսկ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ 6 մլն 388 հազար 416 դրամ։
Վարկային պարտավորությունները՝ 11.3 մլն դրամ
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բեգլարյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 11 մլն 325 հազար 793 դրամ։
Դրանցից 401 հազար 181 դրամի վարկային պարտավորությունը ներկայացված է առանձին, 4 մլն 644 հազար 612 դրամի վարկը հիպոթեքային է, որի առարկան բնակարանն է, իսկ ևս 6 մլն 280 հազար դրամի վարկ է հայտարարագրված։
2025 թվականի ընթացքում Բեգլարյանը 4 մլն 500 հազար դրամ է ծախսել հանգստի համար՝ ճանապարհածախսի և կեցության նպատակով։
Սոնա Գրիգորյան



























