Armenian text to speach

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով նախաքննության ավարտ հայտարարվեց. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարել Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի քրեական գործով։

Հայտնել էինք, որ նախաքննական մարմինը պատրաստվում է գործով մեղադրյալներին և Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առերեսումները տեղի չեն ունեցել, քանի որ մեղադրյալները հրաժարվել են առերեսվել Ավետ Կոնջորյանի հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Աբովյանում՝ իր տան մոտ, Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, ինչի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Նա Չարենցավանի ավագանու ՔՊ-ական անդամի հետ շինարարական ընկերության շուրջ տարաձայնություններ էր ունեցել, և բանը հասել էր նրան, որ Կոնջորյանին ծեծել էին։

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 2 միլիոն դրամ գրավը։

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով 5 մեղադրյալ կա։ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու համար։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։

Սակայն պարզվել էր, որ Ավետ Կոնջորյանի ծեծին նախորդել էր մեկ այլ միջադեպ։ Հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում և, ըստ հրապարակված տեսանյութի, սպառնում՝ օգտագործելով «գյուլել» արտահայտությունը։ Այս ամենի արդյունքում աշխատանքից ազատվեց Չարենցավանի պարեկային ծառայության աշխատակիցը, և Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով խուլիգանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։

Քնար Մանուկյան




Լրահոս