«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վերնախավում լուրջ դժգոհություն է առաջացել ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո։ Մեր տեղեկություններով՝ հատկապես զայրացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում բավական բաց տեքստով դժգոհել է իր նախկին թիմակիցների վարած քաղաքականությունից՝ անդրադառնալով, մասնավորապես, ԱԺ նախկիմ նախագահ Ալեն Սիմոնյանի գործունեությանը։ Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ Սիմոնյանի վարած քաղաքականության պատճառով ինքը չի կարողացել առաջ տանել մի շարք նախագծեր, ինչպես նաև անդրադարձել է ՔՊ ներսում իր ունեցած հարաբերություններին և նախկին գործընկերների հետ տարաձայնություններին։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վերնախավում Սարգսյանի այս պահվածքը, մեղմ ասած, չեն ընդունում։ Ըստ մեր աղբյուրների՝ կուսակցության ներսում գերակշռող տեսակետն այն է, որ Հայկ Սարգսյանին նախկինում բազմաթիվ բաներ ներվել են, իսկ Փաշինյանը նրան, ըստ էության, հնարավորություն էր տվել հեռու մնալ քաղաքական ակտիվությունից և «հանգստանալ»։ Սակայն Սարգսյանի վերջին հայտարարությունները, իշխանական շրջանակների գնահատմամբ, արդեն անցել են թույլատրելիի սահմանը։
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահ համակարգին հանձնարարված է Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մի շարք հայտարարություններ ուսումնասիրել, քրեական վարույթներ նախաձեռնել։ Խոսքը, մասնավորապես, նրա այն պնդման մասին է, որ տարբեր ընկերություններից որոշ նախագծեր «մեյլով»հասել են Ալեն Սիմոնյանին։
Այս թեմայի առնչությամբ Armlur.am-ի տեղեկություններով արդեն քրեական վարույթ է իրականացվել:
Այժմ, ըստ իշխանական աղբյուրների, փորձ է արվում պարզել, թե կոնկրետ ինչի մասին էր խոսում Հայկ Սարգսյանը, ինչ նախագծերի մասին էր խոսքը, որ ընկերություններից են դրանք ներկայացվել և ինչ ճանապարհով են հասել ԱԺ նախագահին։
ArmLur.am-ի իշխանական աղբյուրները միաժամանակ ընդգծում են, որ ՔՊ ներսում ստեղծված իրավիճակը պետք չէ դիտարկել բացառապես որպես Ալեն Սիմոնյանին պաշտպանելու փորձ։ Ըստ նրանց՝ կուսակցության մի շարք ներկայացուցիչների համար խնդիրը հենց Հայկ Սարգսյանի վարքագիծն է։
«Նրան ամեն ինչ ներվել էր»,– ՔՊ ներսում, ըստ մեր աղբյուրների, այսպես են մեկնաբանում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Փաշինյանը Սարգսյանին փաստացի հնարավորություն էր տվել հեռանալ քաղաքական առաջին պլանից, սակայն վերջինս իր հայտարարություններով կրկին հայտնվել է իշխանության ուշադրության կենտրոնում և, ինչպես իշխանական շրջանակներում են ձևակերպում, «Փաշինյանին հանել է հունից»։
Հատկանշական է նաև, որ Հայկ Սարգսյանը նախօրեին Սևանում մասնակցել է ՔՊ ութերորդ քաղաքական ժողովին։ Արտաքուստ նա փորձել է ցույց տալ, թե ՔՊ-ի հետ իր հարաբերությունները նորմալ են, և որևէ լուրջ հակասություն չկա։
Սակայն իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրական պատկերը բոլորովին այլ է։ ՔՊ վերնախավում Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքը բավական լարված է, իսկ նրա վերջին հայտարարությունները կուսակցության ներսում նոր դժգոհության ալիք են բարձրացրել։
Փաստորեն, առաջիկայում իրավապահները պետք է պարզեն, թե Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության՝ «այս ամենի հետևանքով ինչ-որ մեկը պետք է բանտ նստի», պատասխանատուն ով է։
Սոնա Գրիգորյան




























