Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու շուրջ հարևանների միջև ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում 64-ամյա տղամարդը դանակահարել է իր 57-ամյա հարևանին և նրա 26-ամյա որդուն։ Վիրավորված երիտասարդը հիվանդանոցում մահացել էր։ Հանցագործություն կատարելու կասկածանքով 64-ամյա տղամարդը ձերբակալվել էր ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։
ArmLur.am-ը փորձեց պարզել, թե դատարանում քանի քրեական գործ կա մեքենան կայանելու շուրջ, որի հետևանքով մեղադրյալի աթոռին են հայտնվել քաղաքացիներ։ Եվ այսպես, միայն 2025 թվականի ընթացքում 7-ից ավելի քրեական գործ կա դատարանում, որը կապված է մեքենան կայանելու հարցի հետ։ Անգամ բանն հասել է նրան, որ տղամարդիկ են մեքենան կայանելու հարցի շուրջ կնոջը հարվածում ու հայտնվում դատարանի առաջ։
Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2026 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոց 153 հասցեի հարակից տարածքում ավտոմեքենան իր տան դիմաց կայանելու հարցի շուրջ վիճաբանել է իր բնակության հասցեի հարևանությամբ բնակվող Էդգար Վահանի Զաքարյանի հետ և իր մոտ գտնվող, չպարզված և չհայտնաբերված սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս ձախ կզակային շրջանին՝ առողջությանը ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավորության հատկանիշով։
Արմեն Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, որպես ուղևոր, 2026 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվելով իր որդու՝ Լևոն Ղազինյանի կողմից վարվող «Նիսսան Վերսա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, վերջինիս կողմից նույն համայնքի Երևանյան փողոցում ավտոմեքենան վարելու ժամանակ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ դիմացից երթևեկող՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչ Արտյոմ Աշոտի Անանյանի կողմից թույլատրելի արագությամբ վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային ձայնային ազդանշաններ տալուց և վազանց կատարելուց, ինչպես նաև այդ կապակցությամբ վերջինիս կողմից քիչ անց Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանի դիմացի հատվածում Լևոն Ղազինյանի վարած ավտոմեքենային վազանց կատարելուց անմիջապես հետո ճանապարհի բանուկ մասի աջակողմյան հատվածում մեքենան կայանելու և այդ կերպ իրենց երթևեկությանը խոչընդոտելու պատճառով, որդու՝ Լևոն Ղազինյանի հետ դուրս գալով ավտոմեքենայից՝ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, վերջինիս հետ խմբով՝ փոխլրացնելով միմյանց գործողությունները, վիճաբանության մեջ է մտել Արտյոմ Անանյանի և նրա ավտոմեքենայի ուղևոր՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչ Կարո Զալինյանի հետ, որի ընթացքում համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, ձեռքերով հարվածներ է հասցրել Արտյոմ Անանյանի և Կարո Զալինյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով Արտյոմ Անանյանը զգացել է ֆիզիկական ցավ, իսկ Կարո Զալինյանը ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Լյուդվիկ Կարենի Հովհաննիսյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Հին Երևանցի փողոցի 2-րդ հասցեի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության մեջ մտնելով Ռուզաննա Արմենի Մալխասյանի հետ, Սասուն Սամվելի Պետրոսյանի հետ միասին, խմբի կազմում ֆիզիկական ներգործություն է կատարել Ռուզաննա Արմենի Մալխասյանի նկատմամբ, որի ժամանակ ձեռքով երկու անգամ հարվածներ է հասցրել Ռուզաննա Արմենի Մալխասյանի մարմնի տարբեր հատվածներին։
Արմեն Լյովայի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 00:30-01:00-ն ընկած սահմաններում, իր հարևան Հայկ Բեկթաշյանի՝ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 1 թաղամասի 16 հասցեի շենքի բակում կայանված իր ավտոմեքենան ավելի հարմար կերպով կայանելու պահանջը չկատարելու պատճառով վերջինիս կողմից իրենց տան դուռը թակելուց և իր՝ բնակարանից դուրս գալուց հետո, նույն շենքի շքամուտքում վերը նշված հարցի շուրջ փոխադարձ վեճի, քաշքշուկի ու կռվի մեջ մտել Հայկ Բեկթաշյանի հետ, որի ընթացքում սուր եզր ունեցող առարկայով հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ գլխի գագաթային և ճակատային շրջանների քերծվածքների ձևերով։
Խաչիկ Արսենի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ստեփան Սերգոյի Թամամավեյանի կողմից ավտոմեքենան ճանապարհին կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 2024 թվականի դեկտեմբերի 06-ին, Գավառ քաղաքի Նալբանդյան 1-ին փակուղի 1-ին հասցեում գտնվող տան բակում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված սուր կտրող, մեկ սայրանի կտրող-ծակող շեղբավոր առարկայով հարվածել է Ստեփան Թամամավեյանի կրծքավանդակին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։
Էդիկ Ռուստամի Ասատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արմեն Գևորգի Գրիգորյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս։ Այսպես․ 2024 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Իսահակ Գասպարյան փողոցի 51-րդ հասցեի դիմաց, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Էդիկ Ռուստամի Ասատրյանը բահով հարվածներ է հասցրել Արմեն Գրիգորյանի աջ և ձախ ձեռքերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ձախից՝ նախաբազկի միջին երրորդի առաջային մակերեսի, աջից՝ արմնկահոդի ներսային մակերեսի շրջանների արյունազեղումների, ձախից՝ նախաբազուկ-դաստակային հոդի առաջային մակերեսի շրջանի քերծվածքի և աջ դաստակի ափային մակերեսի միջթմբիկային ծալքի շրջանի սալջարդ վերքի ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։
Նվեր Ասադի Խուդոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրի 1-ին փողոցում, ավտոմեքենան տան դիմաց կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Գագիկ Էդվարդի Հայրապետյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու նպատակով, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ /մեկից ավելի անգամ/ հարվածներ է հասցրել Գագիկ Հայրապետյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ արմնկահոդի դրսային կեսի, աջ ոլոքի դրսային կոճի, ձախ սրունք-թաթային հոդի դրսային կեսի շրջանների քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























