Նշվեց շնորհաշատ գիտնականի 75-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որը նվիրված էր իսկական համալսարանական, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հիմնադիր Էդիկ Զոհրաբյանին:

Նիստը նախագահում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հարազատներն ու ուսանողները:

«Էդիկ Զոհրաբյանը ոչ միայն իսկական համալսարանական էր, անվանի գիտնական և փայլուն պատմաբան, այլև միշտ օգնող, սատարող, ուսակից և միաժամանակ ոչ սովորական անձնավորություն էր: Նա առանձնանում էր տղամարդու կեցվածքով, պրոֆեսիոնալիզմով և սկզբունքայնությամբ: Նա շատ դժվարություններ է ունեցել կյանքում, սակայն երբեք չի հանձնվել, համալսարան է մտել գլուխը բարձր, վստահ: Եվ չնայած վերջին տարիներին վրա հասած հիվանդությանը՝ գլուխը բարձր էլ հեռացավ մեզանից՝ եկող սերնդին թողնելով մնայուն գրականություն»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը հանգամանալից ներկայացրեց պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի գիտամանկավարժական կյանքը և նրա թողած արժեքավոր գիտական ժառանգությունը. «Անուրանալի է Էդիկ Զոհրաբյանի ավանդը համալսարանական կրթության կազմակերպման ու զարգացման գործում:

Հիմնադրելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ նա նաև հիմնադիրը եղավ հայ միջազգայնագիտական նոր դպրոցի: Պրոֆեսորի պատրաստած կադրերն այսօր հաջող գործունեություն են ծավալում ինչպես կրթության ու գիտության, այնպես էլ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պրակտիկ ոլորտներում: Նա սիրված ու հարգված ընկեր, գործընկեր ու դասախոս էր»:

Անվանի գիտնականի հետ կապված իրենց հուշերն ու ակնածանքի խոսքերն ասացին նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն էլ ընդգծեց, որ մեծ է ԵՊՀ-ի՝ ի դեմս Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դերը ՀՀ դիվանագիտության ոլորտի կայացման գործում. «Պետք է նշեմ, որ այսօր թե՛ արտերկրում, թե՛ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմում մեծ թիվ են կազմում Էդիկ Զոհրաբյանի սաներն ու ընդհանրապես համալսարանականները, որոնք աչքի են ընկնում ոչ միայն մասնագիտական, այլև ակադեմիական փայլուն գիտելիքներով»:

Ելույթներից հետո հոբելյանական միջոցառման մասնակիցները ներկա գտնվեցին Էդիկ Զոհրաբյանի անվամբ կոչված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:




Լրահոս