Քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի շրջանակում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Բոլոր ՔԿՀ-ներում ներսում տեղադրվել են տեսախցիկներ՝ միջանցքներում, որպեսզի մենք կարողանանք արգելված իրերի դեմ պայքարն ավելի ակտիվ և արդյունավետ կերպով իրականացնել: Նորությունն այն է, որ ներդնում ենք տեսահսկողական համակարգ, ունենալու ենք արագ արձագանքման խմբեր: Այդ տեսախցիկները կարողանալու են ֆիքսել անձանց տեղաշարժերը, ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, և կարողանում են արձագանքել ջերմային շարժումներին»,- ասաց Գալյանը:
Նախարարը նշեց, որ արգելված իրերը փորձ է արվում ՔԿՀ-ներ տեղափոխել նաև դրոնների միջոցով:
«Օրինակ՝ Արմավիրում մենք ամբողջությամբ այդ հիմնարկի վերնամասը ցանցապատել ենք, որպեսզի որևէ դրոն կամ տեխնիկական սարքավորում հնարավորություն չունենա մոտենալ»,- նշեց նախարարը:
Սրբուհի Գալյանը հայտնեց, որ արգելված իրերի ներթափանցումը կանխելու համար ձեռք են բերվել նաև ռենտգեն և համապատասխան այլ սարքավորումներ:




























