Ռուսաստանը անհրաժեշտ տեխնոլոգիաներ և մասնագիտական կարողություններ ունի Ղրիմի կամուրջը սեղմ ժամկետներում վերականգնելու համար։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։
Նրա խոսքով՝ կամրջի վերականգնման աշխատանքները գտնվում են կառավարության վերահսկողության ներքո։
«Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու կարողությունները՝ վերականգնողական աշխատանքները սեղմ ժամկետներում իրականացնելու համար։ Երկրի տրանսպորտային համակարգն ունի ամրության մեծ պաշար»,- ասել է Նիկիտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը տարածաշրջանների հետ համատեղ մշակում է այլընտրանքային երթուղիներ և վերաբաշխում տրանսպորտային հոսքերը։ Այդ նպատակով, նրա խոսքով, օգտագործվում են լաստանավային հաղորդակցությունն ու ցամաքային երթուղին։
Հիշեցնենք, որ Ղրիմի կամուրջը նոյեմբերի 16-ին և 17-ին ենթարկվել է ուկրաինական հարվածների։ Նոյեմբերի 17-ի հարվածից հետո կամրջի ավտոմոբիլային հատվածի մի մասն ու կամարային կառուցվածքը փլուզվել են, իսկ երկաթուղային հատվածը նույնպես վնասվել է։ Ռուսական կողմը ժամանակավորապես դադարեցրել էր կամրջով երթևեկությունը։
Նշենք, որ Ղրիմի կամուրջը, որը կապում է Ռուսաստանի Կրասնադարի երկրամասը բռնակցված Ղրիմի հետ, վերջին տարիներին մի քանի անգամ դարձել է հարձակումների թիրախ։ 2022 թվականի հոկտեմբերին բեռնատարի պայթյունի հետևանքով կամուրջը վնասվել էր, զոհվել էր չորս մարդ, իսկ երթևեկությունը մի քանի ամիս շարունակ սահմանափակումներով էր իրականացվում։ 2023 թվականի հուլիսին կամրջին կրկին հարված էր հասցվել։
Անի Վարդանյան




























