ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է սահմանափակել ծնողական ժամից օգտվելու իրավունքը․ օրական 6 ժամ կամ ավելի քիչ աշխատող ծնողները չեն կարողանա օգտվել այդ հնարավորությունից։
Առաջարկը ներառված է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծում, որը արդեն իսկ ներկայացվել է հանրային քննարկման։ Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ծնողական ժամի օգտագործման նպատակները․ այն նախատեսվում է տրամադրել երեխային ուսումնական հաստատություն ուղեկցելու կամ այնտեղից վերցնելու, կրթական գործընթացներին մասնակցելու, ինչպես նաև բուժհաստատություն ուղեկցելու համար։
Միաժամանակ, եթե ծնողի բացակայությունը կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, գործատուն կկարողանա նույն աշխատանքային օրվա ընթացքում առաջարկել ծնողական ժամի այլ ժամանակահատված։ Հերթափոխային աշխատողների դեպքում ժամի օգտագործումը պետք է նախապես համաձայնեցվի գործատուի հետ։ Մինչդեռ այսօրվա գործող կարգավորմամբ մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողը կարող է օգտվել օրական 30 րոպե, իսկ երեք և ավելի երեխա ունեցողը՝ մեկ ժամ ծնողական ժամից։
Մինչև 18 տարեկան ծանր կամ խորը ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող երեխայի ծնողին նույնպես հասնում է օրական մեկ ժամ։ Այդ ընթացքում պահպանվում է աշխատավարձը։
Ընդգծենք, որ նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է:
Սոնա Գրիգորյան


























