Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` մայիսի 7-ը նշել որպես երիտասարդների տոն: Armlur.am-ը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ հենց մայիս ամիսը, եթե առանց այդ էլ մայիսը լի է տոն և մեծ մասամբ ոչ աշխատանքային օրերով: «Մեր երիտասարդությունն արժանի է տոն ունենալու, քանի որ նրանք են մեր երկրի ապագան: Մնացածը կարծում եմ՝ քննարկման հարց է»,- ասաց պրն Մարգարյանը` հավելելով, որ իրենք ականջալուր են լինելու նաև երիտասարդների արձագանքներին:
-Իսկ ինչո՞ւ հենց մայիսին, և ոչ թե հունիսին կամ հուլիսին:
-Ինձ համար միշտ ընդունելի է եղել մայիս ամիսը, քանի որ այն մեզ համար հաղթանակներով լեցուն ամիս է: Բացի այդ` ինչքան հիշում եք, ԽՍՀՄ-ի տարիներին ևս նշել ենք երիտասարդների օրը:
-Չեք կարծում, որ Ձեր այս քայլով հետևում եք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին ի թիվս այլ հարցերի մեղադրում էին նաև տարվա մեծ մասը մեռելոցներով ու ոչ աշխատանքային օրերով լրացնելու համար:
-Մենք ունենք մեր գործունեությունը և հետևում ենք դրան: Ուրիշի գործունեությանը չենք հետևում: Մենք շարունակելու ենք հետայսու կարևորել այնպիսի օրեր, որոնք վերաբերում են երեխաներին, երիտասարդներին, մեր ժողովրդին: Ինչու չէ, կարող ենք շինարարի օր էլ ունենալ: Կարծում եմ` մնացած օրերով կարելի է կոմպեսացնել ոչ աշխատանքային օրերը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մայիս ամիսը ոչ միայն հաղթանակների ամիս է, այլև մայիսին է ծնվել Հովհաննես Մարգարյանը: Միգուցե ՕԵԿ-ը այս հանգամանքն էլ է հաշվի առել:
Սոնա Դավթյան