ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆՏՐԻ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի է ունեցել Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը: Արդեն որքան ժամանակ է՝ ՍԴՀԿ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ` կապված կուսակցության ատենապետի ընտրությունների հետ: Տեղեկություններ կան, որ հիմա էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանը ջանք չի խնայում այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե դեռեւս պետք է տեղի ունենա վարչության նիստ, որի ժամանակ էլ ամեն ինչ պարզ կդառնա:

Եվ այսպես, ՍԴՀԿ պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ կուսակցության 9-րդ համագումարում ամրագրվել է. «Ներքին քաղաքական հարցերում ՍԴՀԿ-ն շարունակում է համարել, որ կան ահռելի ընկերային անարդարություններ, օլիգարխիա եւ մենաշնորհ, որի դեմ պայքարին է կոչված նաեւ ՍԴՀԿ նորընտիր վարչությունը: ՍԴՀԿ-ն որդեգրում է լավին լավ, իսկ վատին վատ ասելու քաղաքականությունը, ՍԴՀԿ-ն իրեն հայտարարում է բանվորի, գյուղացու, հալածյալի պաշտպան եւ այսուհետ լինելու է այնտեղ, որտեղ խախտվում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են»:
«Արցախի հարցը անկյունադարձային է Հնչակյան կուսակցության համար: Մեզ համար ընդունելի է ցանկացած որոշում, որն ընկալելի կլինի Արցախի քաղաքացու համար: Վստահ ենք, որ Հայաստանն էլ եղել եւ մնում է Արցախի անկախության ու անվտանգության երաշխիքն ու ապահովողը: Կարծում ենք, որ օր առաջ Արցախի իշխանությունները պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին»,-ասված է հաղորդագրությունում:
ՍԴՀԿ 9-րդ համագումարում պատվիրակներն ընտրել են վարչության նոր կազմ՝ Նարեկ Գալստյան, Դմիտրի Մարտիրոսյան, Վազգեն Մեսրոպյան, Հարություն Բալաբանյան, Վարազդատ Եղիազարյան, Արսեն Կուպելյան, Արթուր Բարսեղյան, Գագիկ Մելիքյան, Վոլոդյա Ազատյան: Իսկ վարչության ատենապետի, ատենադպրի, փոխատենապետի, գանձապահի պաշտոնների ընտրությունը կատարվելու է վարչության ներսում, որի օրը, սակայն, դեռեւս հստակեցված չէ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Գալստյանից պարզել, թե արդյոք արդեն որոշված է իր` ՍԴՀԿ ատենապետ դառնալու հարցը: «Դեռեւս վարչության ընտրություններ չեն եղել, ես այժմ վարչապետի օգնականն եմ: Իսկ քանի դեռ վարչության նիստ չի եղել, ոչ ոք ոչ մի բան չի կարող ասել»,-նշեց Գալստյանը: Մեր դիտարկմանը, թե ինքը, լինելով վարչապետի օգնական, չի կարող երկրորդ պաշտոն զբաղեցնել, ասաց. «Ճիշտ եք նշում, բայց դեռ կա վարչության ժողով, որտեղ էլ ամեն ինչ կորոշվի, այլ մեկնաբանություն տալն անիմաստ է»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս