«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը մեկնարկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` ս. թ. մայիսի 12-22-ը կանցկացնի «Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 10-ին, ժամը 18:00-ին ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում:

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնն իր ձևաչափով տարբերվում է թատերական այլ փառատոներից. քանի որ այն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու, սերտացնելու մայրաքաղաքի և մարզերի երիտասարդ ստեղծագործողների ներուժը, ընդլայնելու համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները և բացահայտելու նոր անուններ:

Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 130 մասնակից` մայրաքաղաքի և մարզերի ստեղծագործական կազմակերպություններից և անհատ ստեղծագործողներ: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի հաղթողներին և լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում:

Երևանյան ցուցադրությունները կկայանան հետևյալ վայրերում.

Թատերարվեստ – ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում (ք. Երևան, Ամիրյան 26), Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա 4), Պետական կամերային երաժշտական թատրոնում, «Թատրոն 32»-ում:

Կինոարվեստ – ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 15 և 16-ին, ժամը 20:30-ին,Նարեկացի արվեստի միությունում (ք. Երևան, Վարդանանց 16/1 ):

Կերպարվեստ – ստեղծագործությունները կցուցադրվեն երևանյան պուրակներում:

Բոլոր ցուցադրությունների դեպքում դահլիճների մուտքն անվճար է:




Լրահոս