ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿՏԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երեկ վերջապես հայտնի դարձավ, թե Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում ինչ է անելու: Պարզվեց, որ ընդամենը ստորագրվելու է հայտարարության տեքստ, որում, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, կարձանագրվեն Հայաստանում իրականացված բարեփոխումները եւ այն, որ ՀՀ-ն մշտապես կշարունակի քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Ասել է թե՝ 3 տարուց ավելի եվրաինտեգրման ճանապարհով գնացող Սարգսյանի իշխանությունն այսուհետ միայն կերկխոսի եվրոպացիների հետ եւ ոչ ավելին: Փոխարենը մեր ազգային հարստությունը տարբեր առիթով նրանք կնվիրաբերեն Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ մարտի 1-ին թափված արյան վրայով իշխանության եկած Սերժ Սարգսյանին նույն եվրոպացիները լեգիտիմացրին: Ու թերեւս դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մի տեսակ անտարբերություն է ցուցաբերում Սարգսյանի իրականացրած քայլերի նկատմամբ, քանի որ դրանք չեն բխում Հայաստանի շահերից:

 

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող պետական անվտանգության աշխատակիցները շրջում են խորհրդային միության տարիներին արտադրված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները՝ թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենայով: Երկու նախկին նախագահներին էլ «պաշտպանում» է ՀՀ ՊՊԾ-ն: «Ժողովուրդ»-ը փորձեց պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից (Կրակեմ Հրաչ) պարզել, թե ինչու են նախկին նախագահներին ուղեկցող մեքենաներն այդքան տարբեր: «Համապատասխան միջոցներ չկան, երբ որ համապատասխան միջոցներ կլինեն, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ կհանենք, կփոխենք: Մենք, ցավոք սրտի, չենք կարող մեր ավտոպարկը միանգամից վերազինել, վերափոխել, կան համապատասխան բյուջետային հատկացումներ, այդ սահմաններում էլ կարգավորում ենք հարցը: Համենայնդեպս, ես Լ. Տեր-Պետրոսյանի թիկնազորից նման բողոք չեմ ստացել, որ մեքենան ոչ բարվոք վիճակում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է: Մեզ հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը` Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչ մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է: «Մենք չենք լռելու եւ դիմելու ենք դատարան»,-ասաց տատիկը: Իհարկե, Սպիտակի հիվանդանոցի տնօրինությունը եւս, ինչպես բոլոր բժիշկները, իրեն մեղավոր չի համարում: Հավանաբար, նման դեպքերի կրկնությունը Հայաստանում կկանխվի, եթե մի քանի բժիշկներ իրենց տված Հիպոկրատի երդումը դրժելու եւ անբարեխիղճ աշխատելու համար հայտնվեն ճաղերի հետեւում: Այնպիսի տպավորություն է, որ բժշկական «մաֆիան» մեր երկրում ամենակարողն է. նրանք միմյանց դեմ ցուցմունք չեն տալիս ու թերությունները չեն բարձրաձայնում: Բայց մինչեւ ե՞րբ:

 

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին կուսակցական բուռն անցյալ է ունեցել` հասնելով ընդհուպ մինչեւ ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղարի: Ու թեեւ Հակոբյանը վաղուց արդեն ՀՀԿ-ական է, նույնիսկ` ՀՀԿ ԳՄ անդամ, սակայն շարունակում է հավատարիմ մնալ իր առաջին կուսակցությանը՝ Կոմկուսին: Բանն այն է, որ տիկին Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել է նաեւ խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում է 82 հազար 821 ռուբլի. գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք: Ուշագրավն այն է, որ 2012թ. տարեսկզբին նա հայտարարագրել է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին` 82 հազար 882 ռուբլի: Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի է: Հ. Հակոբյանի` ներկայիս արժույթներով ունեցվածքը եւս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար եւ 21 հազար 827 եվրո: Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որեւէ այլ աղբյուր նշված չէ:




Լրահոս