Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ Կուտակային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նշենք, որ Կառավարության կողմից ներկայացված նոր օրենքը ենթադրում է, որ եթե քաղաքացին ցանկանում է, որ իր աշխատավարձից պահումներ չկատարեն, պետք է դիմում ներկայացնի: Խորհրդարանում քննարկման ժամանակ էլ պատգամավորները նշեցին, թե պետք է հակառակը լինի և աշխատողը դիմում ներկայացնի այն դեպքում, երբ ցանկանում է մասնակցել:
«Սահմանադրական Դատարանի որոշումից հետո երկու՝ իրար հակասող, իրարամերժ մոտեցումներ ցուցաբերվեցին. առաջինը՝ հակասահմանադրական ճանաչվեց աշխատավարձերից պահումներ կատարելը, սակայն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տրվեց, որպեսզի նոր մշակված օրենքի միջոցով խնդրին լուծում տրվի: Եվ երկրորդ՝ որոշումն արդեն ուժի մեջ է մտել, և չպետք է պահումներ կատարվեն:
Հիմա նոր նախագծով կամարտահայտության հնարավորություն է տրվում համակարգի ցանկացած մասնակցի: Այսինքն՝ եթե քաղաքացին գտնում է, որ իր աշխատավարձից այսօր չպետք է պահումներ կատարվեն, ապա դիմում է ներկայացնում, և աշխատավարձից պահումներ չեն կատարվի», – նշեց նա:
Այն դիտարկմանը, թե գործատուն կարող է երկընտրանքի առաջ կանգնեցնել աշխատակցին, թե կա՛մ դիմում չես գրում, կա՛մ ազատվում ես աշխատանքից, նախարարը նշեց.
«Չեմ կարծում: Մենք հիմա, վարչապետի հանձնարարականով, նոր նախագծով պետք է տեխնիկական լուծումներն ապահովենք օրենքի կիրառման համար: Հաշվետվությունը ներկայացնելիս գործատուն նաև իր աշխատողի կամարտահայտությունը պետք է ներառի», – ընդգծեց նա: