Ազգային ժողովն այժմ քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ իրենք ՀՊՃՀ 100 աշխատակցի անունից նամակ են ստացել, ըստ որի՝ իրենց մոտ շարունակվում են պարտադիր պահումներ կատարել ու ստիպում են, որ իրենց համաձայնությունը հայտնեն այս համակարգին:
Ջհանգիրյանը նշեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ անվավեր է ճանաչվել օրենքի պարտադիր բաղադրիչը, ինչը նշանակում է, որ օրենքը չի գործելու, և չի կարող տարաժամկետվել:
«Բայց քանի որ 7-րդ կետում գրել է, որ տարաժամկետվում է, հիմա ինչքան էլ փորձենք մեկս մյուսին մեղադրել, հիմնական մեղավորը մեր փառապանծ ՍԴ-ն է, որը ցանկացել է հայտնի ասացվածքի համաձայն՝ «համ կույս մնալ, համ հաճույք ստանալ», ու դրել է մեզ այս վիճակի մեջ: Ես ուղղակի կոչ եմ անում, որ մեզանից յուրաքանչյուրը չտեսնի այն, ինչ իրեն ձեռնտու է»,-եզրափակեց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կոչ արեց չընկճվել և նման անօրինականություններ հանդիպելու դեպքում դիմել խմբակցություններին: