Կոտայքի մարզի Գառնի գյուղի 19-ամյա բնակիչ Շմավոն Ավետիսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Նա մեղադրվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի անչափահաս` 16 տարին չլրացած բնակչի` Ա.Հ.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Armlur.am-ը տեղեկացավ, որ 2013թ. հունիսի սկզբին` ժամը 23-ի սահմաններում, Ավետիսյանը, գտնվելով Գողթ գյուղում` Ա.Հ.-ի տան հարակից այգում, վերջինիս կամքով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Դրանից 4-5 օր անց` կրկին ժամը 23-ի սահմաններում, Շ. Ավետիսյանը զանգահարել է Ա. Հ.-ին, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող այգի, որտեղ դարձյալ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Նույն դրվագը տեղի է ունեցել 10 օր անց: Այս անգամ Ավետիսյանը խնդրել է անչափահաս աղջկան իջնել տանից քիչ հեռու գտնվող ճանապարհի մոտ, և իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ նախկինում չդատված Շմավոն Ավետիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում:
Ավետիսյանի մասով քրեական գործն այս պահին գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում` դատավոր Վաղինակ Մկրտչյանի վարույթում:
Զինծառայող Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, իսկ դատարանում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աստղիկ Ղազարյանը:
Տուժող Ա. Հ.-ի օրինական ներկայացուցիչը դատարանում Գողթ գյուղի բնակիչ Ռաիսա Նավասարդյանն է:
Մեղադրական եզրակացությունից իրազեկվում ենք, որ Շմավոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածով, այն է` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերություն ունենալը ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:
Քրեական հոդվածի չափանիշներով` Ավետիսյանին սպառնում է պատիժ` ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Տաթև Հարությունյան