ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՄ ԴԵՄ Է ԶԻՆՎՈՒՄ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ

ՀՀ պետեկամուտների կոմիտեն ավելի քան կես միլիոն դրամ է ծախսել փամփուշտներ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անցյալ ամիս ՊԵԿ-ը «Ասպար արմս» ՍՊԸ-ից ավելի քան 598 հազար դրամի 160 հատ 9.18 մմ տրամաչափի փամփուշտ է գնել, 50 հատ՝ 9,19 մմ տրամաչափի, 36 հատ 5,6 մմ տրամաչափի եւ 174 հատ էլ 38 մմ տրամաչափի փամփուշտներ է ձեռք բերել: Այսինքն՝ Գագիկ Խաչատրյանը զինում է իր աշխատակիցներին, եւ դատելով փամփուշտների քանակից՝ զինում է բավականին լավ:
Այստեղից առաջանում է տրամաբանական մի հարց՝ ու՞մ դեմ է զինվում ՊԵԿ-ը: Պետական մարմինների իրավազորությունները կարգավորող օրենսդրությամբ, ՀՀ-ում զինվում են հատուկ ծառայություններ իրականացնող գերատեսչությունները եւ զինված ուժերը: Իսկ փամփուշտներն առաջին հերթին եւ բացառապես ուղղված են մեր թշնամուն` ում գնդակներից գրեթե ամեն օր սահմանում զինծառայող է վիրավորվում կամ զոհվում: Իսկ թիկունքում Տամոժնի Գագոն զինվում է` հավանաբար կա՛մ ընդդեմ գործարարների, կա՛մ սեփական բիզնեսները, «ներողություն», հարազատների բիզնեսները պաշտպանելու նպատակով:
Իհարկե, ՊԵԿ-ի զինվելու վերաբերյալ կարող են պաշտոնապես պարզաբանել, թե օրենքով ՊԵԿ-ի օպերատիվ ստորաբաժանումներին թույլատրելի է ունենալ ամրակցված զենք: Սակայն նույնիսկ այդ դեպքում զինվելու փաստը չի կարող համարժեք լինել իրականությանը: Ինչպես Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարեց, գործարարները մեր թշնամիները չեն, նրանք են պահում այս երկիրը: Հետեւաբար՝ ո՞ւմ դեմ է զենք հանում Տամոժնի Գագոն:

 

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրեց երկրաչափական պրոգրեսիայով ավելացնել Հայաստանի արտաքին պարտքը: Եթե 2007թ. տարեվերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը 1 մլրդ 448 մլն 905 հազար ԱՄՆ դոլար էր, ապա 2013թ. տարեվերջին այն ավելացավ 2.6 անգամ՝ դառնալով 3 մլրդ 903 մլն 751 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, ամենամեծ պարտքը իշխանությունները վերցրել են 2009թ.՝ 1.065մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Հետագա տարիներին վերցված վարկի գումարը տատանվել է 280-290 մլն դոլարի սահմաններում: Հատկանշականն այն է, որ այդ պարտքը կուտակվել է այսրոպեական խնդիրներ լուծելու (ձեռքի հետ էլ իշխանություններին դրանից գերշահույթներ ստանալու) համար, իսկ այդ գումարները մարելու պարտականությունը թողնվել է հաջորդ սերունդների վրա: Այլ կերպ ասած, դրանց զգալի մասը եղել է ոչ թե զարգացման ծրագրերի, այլ՝ կայունությունը պահելու եւ փլուզումը կանխելու նպատակով:

 

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, հունիսի սկզբներին Երեւանում տեղի է ունենալու օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բոլոր դեսպաններին հրահանգված է ներկայանալ Երեւան: Չի բացառվում, որ պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ է կապված, որպեսզի դեսպաններին հանձնարարեն՝ այս գլխից ակտիվ լոբբիստական աշխատանքներ իրականացնել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասաց. «Նման հավաքներ պարբերաբար կազմակերպվում են: Դրանց ավարտին հրապարակվում է տեղեկատվություն»: Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, նման միջոցառում լինելու է, թե ոչ, Բալայանը նշեց. «Նման կարգի միջոցառումների մասին նախօրոք տեղեկացնում ենք»: Նկատի ունենալով մեր ԱԳՆ-ի պաշտոնական «ուրբաթախոսությունը», այդ հավաքի մասին հավանաբար պաշտոնապես կտեղեկանանք հավաքի ավարտին, երբ դեսպաններն արդեն մեկնած կլինեն իրենց «հոբբիներով» զբաղվելու:

 

2013թ հունիսի 25-ին, Պոլիտեխնիկում ապօրինաբար պետական գույք օտարելու դեպք էր բացահայտվել: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: 2014թ. մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կամ նախկին Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին վերջինիս կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները: Այդ հրապարակումների հիման վրա եւս ոստիկանության քննչական մարմնում նյութեր էին նախապատրաստվել: Սակայն «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացավ, որ Արա Ավետիսյանի դեմ քրեական գործ չհարուցվեց` հանցակազմի բացակայության հիմքով։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ավետիսյանն անդրադառնալով իր, ինչպես նաեւ համալսարանի դեմ հարուցված քրեական գործերին, ահա թե ինչ պատասխան տվեց. «Ուրեմն հարուցողին հարցրեք, կասեցնողին հարցրեք, խուտուտ տվողին հարցրեք, ինչ ասեմ: Ինչի եք ուզում, որ ես էլ Շուշանի նման ասեմ»:

 




Լրահոս