ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԲԻԶՆԵՍԸ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Արմյանսկի Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ս/թ. մայիսի 26-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչեւ 2017 թվականի մայիսի 26-ը հետաձգելու մասին հարցը: Այս որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ներմուծողներից ԱԱՀ-ի գանձումը հետաձգելու ծրագրի նորամուծությունների շրջանակներում է: Միայն թե, զարմանալի զուգադիպությամբ, այս ծրագիրը կիրառվում է այն ընկերությունների նկատմամբ, որոնք իշխանությունների հետ ունեն սերտ հարաբերություններ: Իսկ «Արմյանսկի Ուրաժայ» ՍՊԸ-ն, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատկանում է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին: Քանի որ երեկ ՀՀ-ում ոչ աշխատանքային օր էր, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություններ ստանալ Ղարիբյանից:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀՅՈՒՐԸ

ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակության՝ 2014 թվականի մայիսի 22-23-ը ՀՀ կատարած այցը հարկատուների գրպանին բավականին թանկ է նստել: Կառավարությունն այդ այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար 665 հազար դրամ է ծախսել ՀՀ պետական բյուջեից: Իսկ գումարը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, տրամադրվել է բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:

ՏՈՆԵՐԻ ՄԵՋ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից պարզել, թե իր պաշտոնանկությունից հետո ինչո՞վ է զբաղված: Մեր զրուցակիցն այդ ժամանակ մասնակցում էր Ապարանի հերոսամարտի 96-ամյակին նվիրված միջոցառմանը: Ու որեւէ կերպ նա չէր ցանկանում պատասխանել մեր հարցերին:
-Պարոն Հովսեփյան, այժմ, երբ որեւէ պաշտոն չեք զբաղեցնում, ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:
-Պարելով, երգելով, ուրախանալով, տոնելով: Բաշ-Ապարանի տոնն է, տոնում ենք: Ուզում եմ, որ դուք էլ ուրախ լինեք:
-Նկատի ունեմ՝ ընդհանրապես ի՞նչ գործունեությամբ եք զբաղված: Հատուկ քննչական կոմիտեն դեռեւս ձեւավորման փուլում է…
-Այժմ տոն է, այսօր քննչական կոմիտեի օրն է՞, այսօր ուրախացեք, ժպտացեք: Բաշ-Ապարանի օրն է… ուրախացեք:




Լրահոս