Սամվել Ֆարմանյանը չի վախենում ճնշումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կողմ է, որ իր աշխատավարձից կուտակային պահումներ արվեն: Նա ունի կենսաթոշակային բացված հաշիվ և չի պատրաստվում դիմում գրել, որպեսզի պահումներ չլինեն:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորները հանդես են եկել նման նախաձեռնությամբ: Նրանք դեմ են, որ իրենց գումարներից պահումներ կատարվեն:

«Ես ունեմ իմ կենսաթոշակային բացված հաշիվը և չեմ պատրաստվում դիմել, որ պահումներ չկատարեն, բայց ոչ այն պատճառով, որ ասում են՝ ճնշումեր կան, չկա նման բան», – վստահեցրեց պատգամավորը, հավելելով, որ եղել և մնում է այն կարծիքին, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումներն այլընտրանք չունեն:

«Հինգ տարի հետո, երբ որ այլ իշխանություն կլինի, տաս տարի հետո, երբ որ լրիվ այլ իշխանություն կլինի, նրանք շարունակելու են գնալ կենսաթոշակային բարեփոխումների ճանապարհով: Մասնագիտորեն այս բարեփոխումն այլընտրանք չունի, – ընդգծեց նա:

Նշելով այլընտրանքի բացակայության մասին՝ Ֆարմանյանը հավելեց, թե կա նաև մեկ այլ իրականություն, ըստ որի` ցանկացած կենսաթոշակային բարեփոխում, որպեսզի կյանքի կոչվի, պետք է ունենա հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը:

«Հայաստանի Հանրապետության պարագայում կենսաթոշակային բարեփոխումները հասարակության լայն աջակցությունը չունեն», – ասաց պատգամավորը և հավելեց, որ հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական պատկերն այնպիսին է, որ մեր քաղաքացիները խնդիր ունեն վաստակելու օրվա հացը:

«Այսինքն՝ մենք այս երեք աքսիոմատիկ իրականությունների հետ գործ ունենք: Սա մոտեցումների բախում է: Ես գտնում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները, այնուամենայնիվ, չպետք է լինեն պարտադրված: Քաղաքացին ինքը պետք է ունենա հնարավորություն՝ ընտրել կամ չընտրել, որովհետև պետք չի բացառել, որ սոցիալական իրողությունները 5-10 տարի հետո կարող են այնպես փոփոխվել, որ քաղաքացին կարող է նաև, իր օրվա հացի խնդիրը լուծելուց բացի, մտածել ապագայի մասին», – հույս հայտնեց Սամվել Ֆարմանյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս