Օրերս հայտնել էինք, որ հակառակորդի պահպանության գոտու տակ գտնվող ՀՀ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նամակ էր ուղարկել հարազատներին, որի միջից Կարմիր խաչը տողեր էր ջնջել:
Այս առիթով Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԿԽՄԿ-ից, որի հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին մեզ հայտնեց, որ ԿԽՄԿ-ն հանդիսանում է չեզոք և անկողմնակալ միջնորդ երկու կողմերի` Ադրբեջանի և Հայաստանի միջև, և իր ծառայություններն է մատուցում ռազմագերու հայտնվելու դեպքում:
«Ռազմագերու իրավունքների մեջ է մտնում նամակներ ստանալն ու ուղարկելը: Այդ նամակների միջոցով ռազմագերին կապ է պահում իր ընտանիքի անդամների հետ:
Սակայն նամակները երբևէ չպետք է պարունակեն որևէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները: Հակառակ դեպքում՝ կվնասվի Կարմիր խաչի ֆունկցիան` որպես անաչառ ու թափանցիկ աշխատող կողմի»,- պարզաբանեց Ամատունին:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ նամակը գրելու պահին գերու մոտ մշտապես ներկա են լինում պատվիրակներ, ովքեր, պահանջվող ենթատեքստից դուրս ինֆորմացիա նկատելու դեպքում, պահանջում են նամակը նորից գրել առանց վերոնշյալի:
Ինջիղուլյանի դեպքում, սակայն, պատվիրակը ռուսախոս է եղել և նամակն, ըստ այդմ, խմբագրվել է Հայաստանում:
«Եթե մենք չպահպանենք անկողմնակալությունը, հետագայում կկորցնենք իշխանությունների վստահությունը, և այլևս նամակագրություն չի ապահովվի: Եվ մենք մեր առջև խնդիր չունենք դրված, որ գերին ինչ-որ ինֆորմավցիաներ հայտնի, մեր աշխատանքները զուտ մարդասիրական են: Նշեմ է նաև, որ իշխանություններն իրավունք ունեն տեսնելու այդ նամակները, իսկ այն բանից հետո, երբ մենք խմբագրում ենք այն, անպայման դրա մասին գերին տեղեկացվում է»,- շարունակելով խոսքը` նշեց, որ Կարմիր խաչի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
Տաթև Հարութունյան