ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԱՌՈՒՑԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ-որ «մեկը» չի սիրում Երեւանը: Ոչ միայն չի սիրում, այլեւ անխնա քանդում ու ոչնչացնում է այն ամենը, ինչը կարող է մի փոքր պահել Երեւանի դիմագիծը՝ որպես հնադարյա քաղաք: Ընդ որում, բացարձակ կարեւոր չէ՝ այդ «մեկը» միտումնավո՞ր, չգիտակցվա՞ծ, թե՞ ինչ-որ մոլուցքով բռնկված է քանդում Երեւանը: Գլխավորն այն է, որ «մեկը» մի ողջ բազմություն է՝ ի դեմս Երեւանի քաղաքային իշխանությունների, երկրի բարձրագույն ղեկավարության: Տերյան 11 հասցեում գտնվող «Հին Երեւան»-ի ամենահայտնի ընտանիքներից մեկի՝ Աֆրիկյանների կառուցած տունը շուտով հյուրանոց կդառնա: Ու թեեւ այդ հատվածում այսօր մարդիկ են ապրում, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է, որ պատմամշակութային հուշարձան համարվող տարածքում պետք է հյուրանոց կառուցել: Այսպիսով, պետք է արձանագրել, որ մայրաքաղաքի՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված Կենտրոն վարչական շրջանը դարձել է գործող ռեժիմի մի քանի ներկայացուցչի սեփականությունը: Եվ պատահական չէ, որ Տերյան 11 հասցեում սկսվող շինարարությունը եւս կապվում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ:
Ի դեպ, պատմությունը սրբորեն պահում է բոլորի անունները՝ թե՛ քանդողների, թե՛ սարքողների: Հիշեցնենք, որ 1911թ. հենց Աֆրիկյանների միջոցներով է առաջին անգամ խմելու ջուր բերվել Երեւան:

 

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ Է. Նալբանդյանը, թեեւ բացակայում է ՀՀ-ից, բայց վերադառնալուն պես պատրաստ է ԱԺ-ում կազմակերպել հանդիպում՝ փոխհամաձայնեցված ձեւաչափով: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին: Նշենք՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Նալբանդյանին հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու: Այս շաբաթ մեկնարկած քառօրյայի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն էր բարձրացրել Նալբանդյանին ԱԺ կանչելու հարցը: Ի դեպ, Նալբանդյանը Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Նալբանդյանի հետ հանդիպումը տեղի կունենա ԱԺ քառօրյայի ավարտից հետո եւ փակ ֆորմատով:

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել: Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով: «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Փորձեցինք զրուցել նաեւ Մ. Հակոբյանի որդու` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, սակայն նրա հեռախոսին էլ պատասխանեց օգնականն ու ասաց, որ Վ. Հակոբյանը հանգստանում է: Այդպես էլ անհնար եղավ ճշտել, թե ինչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

 

Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար: Թեեւ դեռ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի ասել, որ «արձանը սիրուն չի», այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի խումբ անձինք, որոնց կարծիքի հետ Տարոն Մարգարյանը հաշվի է նստում, ասել են, որ այդ արձանի տեղադրումը լուրջ հարված կարող է լինել քաղաքապետի եւ ՀՀԿ-ի վարկանիշին: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը որոշել է ականջալուր լինել իր շրջապատի տված խորհուրդներին ու Երեւանի ավագանու կողմից կայացված որոշման կատարումն առայժմ կհետաձգվի: Սա նշանակում է, որ Միկոյանի արձանի տեղադրումը կարող է առկախվել:

 




Լրահոս