Վերջին տարիներին արդեն սովորական երեւույթ է դարձել, երբ Հայաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ հստակ եւ վերջնական հայտարարությունները հնչում են մեր երկրի սահմաններից դուրս` հիմնականում ռուս պաշտոնյաների շուրթերով: Երեկ էլ, չխախտելով այդ ավանդույթը, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանը նախկինում էլ հայտարարել է, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, նույնը տեղի կունենա նաեւ Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Հայաստանը հայտարարել է, որ ԱՀԿ մտել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նախ` դժվար է հիշել, թե այդ երբ եւ ինչ առիթով է Հայաստանը պաշտոնապես հայտարարել, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում: Համենայնդեպս` շուրջ չորս տարի Եվրամիության հետ ասոցացման բանակցային գործընթացի շրջանակներում ՀՀ իշխանությունները որեւէ անգամ այդ մասին հստակորեն չէին ասել, ավելին` մշտապես առկախված էր մնացել Ղարաբաղի ներգրավման հարցը: Հետեւաբար` անհասկանալի է, երբ Լավրովը Հայաստանի անունից անում է հայտարարություններ, որոնք ՀՀ իշխանություններն իրենք երբեւէ չեն արել:
Բացի այդ, մեղմ ասած, տարակուսելի է, երբ ՀՀ` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին միանշանակ հայտարարությունը արվում է ՌԴ արտգործնախարարի կողմից, այն էլ` Բաքվից: Եվ սա այն դեպքում, երբ դրանից ճիշտ մեկ օր առաջ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ԵՏՄ-ին անդամակցելու մասին ոչինչ չասաց, նա խոսեց միայն Մաքսային միությանն անդամակցության մասին. «իր իսկ կողմից ճանաչված սահմաններով»: Իսկ դրանք, որքան էլ որ ՀՀ որոշ պաշտոնյաների համար ընկալելի չէ` տարբեր կառույցներ են:
Ինչեւէ, Լավրովի հայտարարությունից պարզ դարձավ, որ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀԿ-ականների եւ իշխանական վերլուծաբանների առաջ քաշած թեզը, թե Սերժ Սարգսյանը գնաց դեպի Ռուսաստան` Ղարաբաղը պահելու եւ այն տնտեսական շրջափակման վտանգի առջեւ չկանգնեցնելու համար` փուչիկ էր:
Իրականում, փաստորեն, տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրով որեւէ կերպ չվտանգվող Ղարաբաղի տնտեսական ապագան, փաստորեն, դրվեց հարցականի տակ: Եվ եթե նախկինում ասվում էր` շատ մի խոսեք Ղարաբաղի մասին, այդ հարցը լուծվելու է «ներքին կարգով»` բանավոր համաձայնությամբ, այսօր արդեն ակնհայտ է, որ նման բան չկա եւ չի լինելու: