Սերժ Սարգսյանը, թողնելով երկրի՝ իր գլխին կուտակված կարեւորագույն խնդիրները, երեկ ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի բացման արարողությանը: Իհարկե, եթե Հայաստանում իսկապես զբոսաշրջությունն այն մակարդակի լիներ, ինչպես պատկերացնում ու երբեմն հայտարարում են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, գուցե արդարացված կլիներ հյուրանոցների բացումն այդքան մեծ շուքով կազմակերպելը: Բայց, ամեն դեպքում, տրամաբանական է, որ հյուրանոցի բացմանը մասնակցի եթե ոչ ՀՀ էկոնոմիկայի նախարարության որեւէ վարչության պետ, ապա գոնե նախարարը, բայց ոչ երբեք երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը: Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին էլ ՀՀ վարչապետը մասնակցեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վերակառուցված մանկապարտեզի բացմանը, ինչը հանգիստ կարող էին իրականացնել առավելագույնը մարզպետի մակարդակով: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում իրավիճակն այնպես է գլխիվայր շուռ եկել, որ բարձրագույն իշխանությունները զբաղվում են մանր-մունր նշանակության խնդիրներով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը. նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով` այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար: Ասել է թե՝ նա իր պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը եւ իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ընդ որում, այցը եղել է մեկօրյա. նոյեմբերի 20-ին նրանք նիստից հետո վերադարձել են: Այս անգամ եւս վարչապետն օդանավը վարձակալել է նորաբաց «Էյր Արմենիա» ընկերությունից: Հիշեցնենք, որ մինչ այս` հոկտեմբերի ընթացքում, Տ. Սարգսյանը հասցրել էր 52 մլն դրամ ծախսել երկու հատուկ չվերթի համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» ընկերությունները, որոնք, օրինակ, կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու կամ թթվասերը կրկնակի թանկ գնով վաճառելու համար տուգանվեցին յուրաքանչյուրը 15 մլն դրամով, ունեն նույն սեփականատերը՝ ԼՂ Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղի բնակիչ Յուրի Ադյանը: Ու քանի որ այս ընկերություններն անբարեխղճության համար մեկ տարի ժամկետով զրկվել են պետգնումների մրցույթին մասնակցելու իրավունքից, քայլեր են մշակել, թե ինչպես կարող են պետբյուջեի գումարները փոշիացնել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ օրինախախտ ընկերությունների կողմից ստեղծվել է նոր` «Տիսա» ՓԲԸ-ն, որն արդեն մասնակցում է պետգնումների շրջանակում իրականացվող մրցույթներին: Բնականաբար, հիմնադիրն այլ մարդ է՝ Անի Անդրեասյանը, որն ասում է, թե այն կապ չունի Յուրի Ադյանի հետ: Բացի այդ՝ օրինախախտ ընկերություններն աճպարարություններ են անում, որպեսզի չվճարեն պետական տուգանքները:
«Երեւանի ջէկ» ՓԲԸ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունից միայն հոկտեմբեր ամսին Հայաստան է ներմուծել 3 1 . 4 0 6 . 8 8 3 մ3 բնական գազ, որը չի հայտարարագրել: Ասել է թե՝ ավելի քան 11 մլն դոլար արժողությամբ գործարքի գնալիս Հ. Հովհաննիսյանը հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Ու տրամաբանական է, որ այս մասշտաբի գործարքի համար ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրահանգով Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ Ա. Քոչարյանը պետք է խոշոր տուգանքի դատապարտեր Հովհաննիսյանին: Բայց ոչ. ՊԵԿ-ը նրան տուգանել է ընդամենը 50 հազար դրամով: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ տնօրենն այդ քայլին է դիմում: Սեպտեմբերին էլ առանց հայտարարագրի նա 3 0 0 1 0 0 մ3 բնական գազ է ներկրել՝ դարձյալ տուգանվելով ընդամենը 50 հազար դրամով: Համեմատության համար հիշեցնենք, որ ոսկու շուկայի բոլոր աշխատակիցներին օրերս նույն ՊԵԿ-ը մեկական մլն դրամով տուգանեց՝ ոսկեղենի վրա դրված հարգադրոշմը ծուռ խփելու համար:
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ