Պետդեպը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ընդունել Ֆրանսիայի նախագահի հրավերը և հանդիպել Փարիզում «որքան հնարավոր է շուտ»:
«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթնաժողով անցկացնելու` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցողական բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության», – ասել է Պետդեպի մամլո քարտուղար Ջեն Փսակին Վաշինգտոնում կայացած բրիֆինգի ժամանակ:
«Մենք երկու երկրներին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը բանակցային սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որը կբերի խաղաղությունը տարածաշրջանին», – հավելել է նա:
Պետդեպի ներկայացուցիչը նաև կոչ է արել երկու երկրներին հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից: «Ակնհայտ է, որ ռազմաշունչ հռետորաբանությունը և հայտարարությունները հակասում են լարվածության թուլացման սկզբունքին, և մենք միանգամայն համոզված ենք, որ դա վնասում է խաղաղ գործընթացին», – հայտարարել է Փսակին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նման կոչով հանդես էր եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Բրենտ Հարտլին: