Այսօր հուլիսի 5-ն է` տարվա 186-րդ (նահանջ տարիներին՝ 187-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 179 օր:
ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին: Այն պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։
ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։
Ըստ ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է,իսկ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ըստ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի`հուլիսի 5-ը համարվում է տոն և ոչ աշխատանքային օր է: Տոնվում է Սահմանադրության օրը: