«ԲԱՆԴԱՅԻ» ԱՆԴԱՄԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա սեպտեմբերի 25-ին որպես զինված «բանդայի» անդամ ձերբակալված Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը, մինչ օրս պնդում է, որ որդին կտտանքների է ենթարկվում բանտում, իսկ նախաքննական մարմինն էլ որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ստորեւ ներկայացնում ենք Ալբերտ Դալլաքյանի բաց նամակը` ուղղված Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
«Հարգելի՛ պարոնայք. որդուս` Արման Ալբերտի Դալլաքյանի նկատմամբ իրագործվող անօրինականությունների եւ բացառիկ դաժան վերաբերմունքի մասին ստիպված եմ այս կերպ բարձրաձայնել եւ տեղեկացնել Ձեզ:
Ներկայացնեմ դեպքերի ընթացքը.
2011թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն Վարդենիս քաղաքում ձերբակալել է Արմանին եւ բերման ենթարկել ԿՀԴՊ ԳՎ մասնաշենք` տխրահռչակ  «բանդայի» գործին մասնակից լինելու կասկածանքով: Արմանին ԿՀԴՊ ԳՎ մասնաշենք բերելուց հետո հրավիրել են ընթերականեր եւ նրանց ներկայությամբ առաջարկել դատարկել գրպանների պարունակությունը: Տաբատի աջ գրպանից մի փաթեթ (փոքր) է դուրս եկել: Որդիս հայտնաբերել է, որ դա իրենը չէ, այլ իր գրպանն է գցել դիմակավորված ոստիկանը, երբ աջ գրպանից հանել է փոքր դանակը: Նրա հայտարարությունը չեն արձանագրել: Ընթերակաները ստորագրել են անձնական խուզարկության արձանագրությունը եւ հեռացել, իսկ որդիս հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց: Արմանին առաջարկել են պարտավորագիր հաջորդ օրը` 2011թ. սեպտեմբերի 26-ին, ԿՀԴՊ ԳՎ ներկայանալու վերաբերյալ: Պարտավորագիրը ստորագրելուց հետո որդուս, ազատ արձակելու փոխարեն, իջեցրել են ԿՀԴՊ ԳՎ հարթապահ մաս եւ ողջ գիշեր պահել խցում` այսպիսով նրան ազատությունից ապօրինի զրկելով:
Առավոտյան Արմանին հերթապահ մասից դեպի վերին հարկեր են ուղեկցել 2 դիմակավորված ոստիկաններ եւ մտցնելով մի աշխատասենյակ, որտեղ էլի դիմակավորված անձինք են եղել, զրուցել են նրա հետ: Սկզբից այդ անձինք փորձել են համոզել, որ Արմանը խոստովանի ինչ-որ ավազակային հարձակման մասնակից լինելու  փաստը: Հետո իրենց պահել են խիստ ագրեսիվ, խոսել հայհոյանքներով` ամեն կերպ ցույց տալով, որ ֆիզիկական բռնության կենթարկեն: Այնուհետեւ առաջարկել են ստորագրել «անձնական խուզարկության» արձանագրությունը, որով թմրանյութի հայտնաբերում էր արձանագրվել: Արմանն այդ իրավիճակից դուրս գալու համար ստիպված է եղել ստորագրել արձանագրությունը, ընդ որում, բոլորի ստորագրությունները սեւ գույնի թանաքով է, իսկ Արմանի ստորագրությունը` կապույտ: Արձանագրությունը ստորագրելուց հետո դիմակավորված ոստիկանները հայտարարել են, որ որդիս էլ պրծում չունի, եւ նրան գցելով հատակին` սկսել են ծեծի ենթարկել ու պահանջել, որ խոստովանի ավազակային հարձակման մասնակից լինելը: Ծեծն ու բռնությունները շարունակվել են մի քանի ժամ: Որդիս, տեսնելով, որ այլ տարբերակ չունի, հայտնել է, որ կկատարի իրեն ծեծողների պահանջը, որից հետո ծեծը դադարեցվել է, եւ Արմանին առաջարկել են բացատրություն գրել: Ստեղծված իրավիճակից այլ ելք չգտնելով` որդիս ինքնասպանության փորձ է կատարել ու ոստիկանության աշխատակիցների աշխատասենյակում գտնվող դանակով մի քանի անգամ հարվածել իր որովայնին` պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ:
ԿՀԴՊ ԳՎ-ից որդուս շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ 21:00-ին վիրահատել (26.09.2011թ.):
27.09.2011թ.` ժամը 22:00-ին,  ոստիկանների պահանջով որդուս դուրս են գրել «Էրեբունի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքից: Նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալ եւ դիմակավորված ոստիկանների հսկողության տակ պահել վերակենդանացման բաժանմունքում: Ըստ փաստաթղթերի` որդուս հոսպիտալ են ընդունել 28.09.2011թ., մինչդեռ 27.09.2011թ.` 22:30-ին, հոսպիտալում առանց պաշտպանի եւ հսկող դիմակավորված ոստիկանների ներկայությամբ քննիչը հարցաքննել է Արմանին: Հարց է առաջանում. ինչո՞ւ են կեղծիք կատարել եւ հոսպիտալում գտնվելը չեն արձանագրել բժշկական փաստաթղթերում:
Նման իրավիճակում, ճնշման եւ բռնության սպառնալիքի տակ Արմանը «տվել է ինքնախոստովանական» ցուցմունք, նույնը կատարվել է որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ:  
Հոսպիտալում գտնվելու ժամանակ` 28.09.2011թ., Արմանի աջ թոքի վնասվածքը բուժելու համար կատարվել է դրենաժավորում, եւ դրենաժը մնացել է 3 օր: Հետագայում որդուս տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ պահել բուժմասում, իսկ մի քանի օրից իբրեւ թե բուժված դուրս են գրել ու տեղափոխել բանտախուց: Քրեական գործին մեր հրավիրած պաշտպանի ներգրավվելուց հետո 18.10.2011թ. որդիս բողոք է գրել ՀՀ գլխավոր դատախազին, որով ներկայացրել է իր հետ կատարվածը:
20.10.2011թ. պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին եւ խնդրել պարզել վերոգրյալ հանգամանքները:
Շուրջ 2 ամիս ոչ մի գործողություն չի կատարվել:  19.12.2011թ. պաշտպանը կրկին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Վերջինիս հանձնարարությամբ բողոքն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` ընթացքը լուծելու:
ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ռ.Ամիրխանյանն առանց պաշտպանի այցելել է Արմանին, սակայն որդիս հայտնել է, որ միայն իր պաշտպանի ներկայությամբ բացատրություն կտա: Քննիչը  լսել է ոստիկաններին, որոնք բռնություն են կատարել Արմանի նկատմամբ, եւ որոշում կայացրել քրեական գործի հարուցումը մերժել:
Պաշտպանի կողմից բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին քննիչի որոշումը վերացնելու խնդրանքով: Հիմա սպասում ենք, թե գործն ինչ ընթացք կստանա` ի վերջո, ապօրինություններ կատարող ոստիկանները պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ ոչ:
Հայտնում եմ, որ գործով պաշտպան ներգրավվելուց հետո ոչ մի անգամ որդուս չեն հարցաքննել. նրան կալանքի տակ պահելու միակ հիմքը բռնությամբ կորզված ցուցմունքներն են, որը վիճարկվում է որդուս կողմից: Արմանի մեղքի ոչ մի ապացույց չկա: Իրականում իմ որդին ոչ մի կապ չունի այդ ավազակային հարձակման հետ: Դատարանները ոչ մի կերպ օբյեկտիվ որոշում չեն կայացնում գոնե խափանման միջոցը գրավով փոխարինելու համար: Վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնում է: Ոչ ոք հաշվի չի առնում, որ ներկայում Արմանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ  անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Որդիս տեղաշարժվում է որովայնը բռնած, քանի որ քայլելու ընթացքում աղիքները փորից դուրս են թափվում: Սա ոստիկանի սենյակում գտնվող դանակի հարվածից ստացված վերքի չբուժման կամ վատ բժշկական օգնության հետեւանք է: Այսպես շարունակվելու դեպքում ես կարող եմ ուղղակի կորցնել որդուս, ով ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխաներ եւ անմեղ է:  
Հարց է առաջանում, թե ով է պատասխանատու այս ամենի համար, ինչու է այսպիսի անտարբերություն տիրում, մինչեւ երբ կարող է այսպես շարունակվել: Տուժողներն էլ գիտեն, թե իրենց տները թալանած «բանդան» պատժվել է: Իրականում անմեղ մարդկանց են կալանավորել:
Պաշտպանը դիմում է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին եւ խնդրել   միջոցներ ձեռնարկել Արմանի բուժումը կազմակերպելու համար, անցել է ավելի քան 1 ամիս, եւ ոչինչ չի ձեռնարկվում: Այս մասին դիմումով տեղեկացվել է նաեւ գլխավոր դատախազության կալանավայրերի հսկող վարչությանը:
Մեր թաղամասի հազարավոր բնակիչներ պատրաստ են երաշխավորել Արմանին գրավով ազատ արձակելու համար, քանի որ շատ լավ են ճանաչում ե՛ւ իմ ընտանիքին, ե՛ւ Արմանին:
Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել օրինական կարգով գործը քննելու, որդուս բժշկական օգնություն ցույց տալու եւ նրա խափանման միջոցը գրավով փոխարինելու համար: Մեր հույսը Դուք եք, մեծարգո՛ նախագահ, այլապես անհնարին է:
 Հուսով եմ, որ այս բաց նամակի արձագանքը կլինի որդուս նկատմամբ օրենքով սահմանված եւ պատշաճ վերաբերմունքը: Սպասում եմ արձագանքին»:

Դիմող` ԱԼԲԵՐՏ ԴԱԼԼԱՔՅԱՆ




Լրահոս