Armlur.am զրուցակիցն է երգչուհի Եվա Ռիվասը, ով հայկական շոու-բիզնես մուտք գործեց «Եվրատեսիլ» երգի մրցույցթին մասնակցելու և այնտեղ հնչած «Apricot Stone» երգի շնորհիվ:
– Եվա, ինչպե՞ս ստացվեց, որ հենց դուք ներկայացրիք Հայաստանը Եվրատեսիլում:
-Դեռ 2005 թվականի` Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցույթից հետո Վալերի Սաարյանն առաջարկեց զբաղվել իմ կարիերայով, սակայն ես հրաժարվեցի: Մի քանի տարի անց` 2009 թվականին, մենք կրկին հանդիպեցինք, և ես առաջարկեցի իմ թեկնածությունը Հայաստանը եվրատեսիլյան մրցույթին ներկայացնելու համար: Եկանք համաձայնության, ձևավորվեց պրոֆեսիոնալ աշխատակազմ, գտնվեց համապատասխան երգ և սկսեցինք աշխատել: Պահանջվեցին մեծ ջանքեր, որպեսզի հասարակությունը կարողանար ընդունել ինձ որպես երգչուհի:
– Ձեզ հետ այդ շրջանում աշխատում էր պրոֆեսիաոնալ աշխատակազմ և պրոդյուսեր, ի՞նչ էիք Դուք անում:
-Ես երգում էի: Այնպես էի երգը մատուցում, որ այն հետաքրքիր լինի: Միգուցե այլ երգչի կատարման պարագայում այն այդքան էլ հետաքրիր չլիներ:
– Մարդիկ կարծում են, որ դա այդպես չէ, որ Ձեր փոխարեն տարվում էին բոլոր աշխատանքները:
-Միգուցե ոմանք այդ կարծիքին են, ոմանք` ոչ, բոլորին համոզել հնարավոր չէ:
– Ինչո՞ւ Դուք Եվրատեսիլի շրջանակներում չունեցաք շրջագայություններ:
-Ես մինչ այսօր չեմ հասկացել, թե ինչ է հարկավոր այդ մրցույթը հաղթելու համար, անհրաժեշտ է շրջագայություն, թե ոչ: Դա պետք է իմանա պրոդյուսերը, իսկ ես իմ կատարած աշխատանքը գերազանց եմ գնահատում: Այն, որ ես չեմ հաղթել, իմ մեղքը չէ:
– Գերազանցը դա Ձե՞ր գնահատականն է:
-Դա ժողովրդի գնահատականն է:
– Որտեղի՞ց գիտեք:
-Ես դա ասում եմ` ելնելով իմ էլեկտրոնային հասցեին ուղղված բազմաթիվ նամակներից, որտեղ գրված էին միայն շնորհակալական և հիացմունքի խոսքեր: Հասարակությունը նոր երգեր էր ուզում, ես ուզում էի շարունակել իմ ստեղծագործական կյանքը:
– Դուք կարո՞ղ եք առանց պրոդյուսերի Հայաստանում այնպիսի կարիերա անել, ինչպես 4 տարի առաջ:
– 4 տարի առաջ ես կարիերայի նախնական փուլում էի, այդ պատճառով ունեի պրոդյուսերի կարիք: Իմ կարծիքով, եթե մարդ խելացի է, ապա կարող է իր կարիերան կառուցել առանց պրոդյուսերի:
– Կուզեի՞ք զբաղվել պրոդյուսինգով:
– Այո, ինչու ոչ: Եթե ինձ իմ կարիերան հոգնեցնի, ես կուզեմ աշխարհին ևս մեկ աստղ պարգևել:
– Ինչպե՞ս են Ձեր գործերը ընթանում բիզնես ոլորտում:
-Որպես պրոֆեսիոնալ գործունեության ոլորտ դա ինձ այլևս չի հետաքրքռում:
– Ի՞նչ գիտեք Հայաստանի քաղաքականության մասին:
-Չէի ասի, որ հետաքրքրվում եմ բոլոր քաղաքական հարցերով, սակայն հիմնական իրադարձություններին տեղյակ եմ: Ես քաղաքական գործիչ չեմ, երգչուհի եմ և Հայաստանում եմ, որ երգեմ:
– Դուք որոշ ժամանակ հանդիպել եք մահմեդականի հետ, ի՞նչ պատասխան կտաք հայ հասարակությանը, եթե նրանք Ձեզ մեղադրեն դավաճանության մեջ:
-Շատերն էին դեմ, որ ես հանդիպեմ մահմեդականի հետ: Ես չեմ հանդիպել ո՛չ ադրբեջանցու, ո՛չ էլ թուրքի հետ, հանդիպել եմ այլ կրոնին դավանող տղամարդու հետ:
Նաիրա Հովհաննիսյան