Ադրբեջանի իշխանություններն ըստ էության քրեականացրել են բողոքի խաղաղ ցույցերը. Amnesty International

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ադրբեջանի իշխանությունները պետք է անկախ հետաքննության ենթարկեն ոստիկանության կողմից բողոքի ցույցի ընթացքում կատարումներով հանդես եկող երաժիշտներին դաժան ծեծի ենթարկելու մասին մեղադրանքները”: Ինչպես հայտնում է “Ամերիկայի ձայն”-ի հայկական ծառայությունը, այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել “Amnesty Internaitonal” իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ 24-ամյա երաժիշտ Ջամալ Ալին, երաժշտական խմբի բաս-կիթառահար Նաթիգ Քամիլովը, ինչպես նաև անցյալ շաբաթ օրն անցկացված իրադարձության կազմակերպիչ, 25-ամյա Էթիբար Սալմանլին ձերբակալվել են այն բանից հետո, երբ Ջամալ Ալին կատարման ընթացքում վիրավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանգուցյալ մորը: Այս իրադարձությունից հետո, ըստ իրավապաշտպանների, դատարանը որպես “մանր խուլիգանություն” է որակել ձերբակալվածների գործողությունները՝ դատապարտելով վերջիններիս հինգից տասը օր վարչական կալանքի: “Ոստիկանության կողմից շաբաթ օրն անցկացված բողոքի խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ իրականացված բռնի հարձակումը պետք է անհապաղ և մանրամասն հետաքննվի անկողմնակալ մարմնի կողմից, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն”, – ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով “Amnesty International”-ի փոխտնօրեն Ջոն Դալհուզենը: “Amnesty International”-ի վկայությամբ, Ջամալ Ալին ու Նաթիգ Քամիլովը զրկված են իրենց ընտանիքների և փաստաբանների հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Իրենց գործով դատական նիստի ժամանակ Ալին ու Քամիլովը հայտնել են ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում կրկին ծեծի ենթարկվելու մասին: Ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանի իշխանությունները, բողոքի ցույցերն արգելելու և դրանց կազմակերպիչներին ու մասնակիցներին ձերբակալելու միջոցով ըստ էության քրեականացրել են երկրի քաղաքների կենտրոնում հակակառավարական խաղաղ ցույցերի անցկացումը: “Հեգնական է, որ Բաքվում “Եվրատեսիլ”-ի մեկնարկից ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանի իշխանություններն ուժ են կիրառում՝ քաղաքի փողոցներում խաղաղ ցույցերը ցրելու և երաժիշտներին լռեցնելու համար”, – շեշտել է “Amnesty International”-ի փոխտնօրեն Ջոն Դալհուզենը:




Լրահոս