30 ՀԱԶԱՐՈՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հոգեհանգստին եւ հուղարկավորությանը մասնակցելու համար իր ուսանողներին առաջարկել է վճարել 30 հազար դրամ եւ գնալ Ստեփանակերտ: Թե ինչու է նման առաջարկ արվել, եւ, ի վերջո, քանի ուսանող է համաձայնել, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն նա հայտարարեց, թե զբաղված է ու չի կարող մեր հարցերին պատասխանել: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ուսանողներին ով է առաջարկել մասնակցել ՀՀԿ նախագահի հոր թաղմանը:
24-ԻՆ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ
Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված զինվորներին՝ Ռազմիկին եւ Արշակին, դեկտեմբերի 10-ին Նուբարաշենի հոգեբուժարանում հանձնաժողովի կողմից բուժզննման են ենթարկել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը: «Դեկտեմբերի 24-ին պարզ կլինի, թե ինչ որոշեց հանձնաժողովը, ու ինչ կլինի նրանց հետագան»,-ասաց տիկին Աննան` նշելով, որ ինքը վերջին մեկ ամսվա ընթացքում չի տեսել որդուն: Հիշեցնենք, որ Ռազմիկի եւ Արշակի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 358-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (զորամասում հրամանատարին ծեծելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 258-րդ հոդվածի առաջին մասով (խուլիգանություն):
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, եւ պատժաչափը կրճատվել է 1/4-ի չափով:
ՔԹԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ
Երեկ «Որոշողը մենք ենք» պաստառներով «Ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ» նախաձեռնությունն Ազգային ժողովի դիմաց սկսել էր բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱԺ-ում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ կնքված համաձայնագիրն ԱԺ արտահերթ նիստում վավերացնելուն: Ըստ նախաձեռնության անդամների՝ դա հակասում է ՀՀ շահերին եւ օրենսդրությանը, ինչպես նաեւ լրջագույն վտանգի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի գոյատեւումը: Նշենք, որ ակտիվիստներին էին միացել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները:
Անշուշտ, բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկն անխուսափելի էր: Ինչի հետեւանքով էլ, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Արաբկիրի բաժին էին տարվել Վարդգես Գասպարին եւ Անտոն Իվչենկոն: Ոստիկաններից մեկը բռունցքով հարվածել է Անտոնի քթին, բարեբախտաբար, այն չի կոտրվել: Ե՛վ նրա, ե՛ւ Գասպարիի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: