Ինչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելի փակ լինելու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստից հետո տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է փակ եղել Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելը: Նշենք, որ  խոսակցություններ էին շրջանառվում, թե թունելից նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի համար խողովակներ էին քանդում-հանում և փակ լինելը կապ ունի հենց նրա հետ:

«Ճիշտն ասած, նման տեղեկատվություն մենք չունենք, եւ թունելն այս պահին բաց է»,- ասաց նա:  Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե թունելով փորձել են անցնել, բայց փակ է եղել ու շրջանցել են, նա միայն խորհուրդ տվեց հետևել պաշտոնական կայքի տեղեկատվությանը:

Հարցին, թե ինչու է թունելը փակ եղել՝ Արթուր Առաքելյանը նշեց, որ պրոֆիլակտիկ աշխատանքներ էին տարվում: Մյուս բոլոր դիտարկումներին նա կրկին պատասխանեց նույն կերպ՝ խորհուրդ տալով հետևել պաշտոնական կայքի տեղեկատվությանը:

Այն ճշտող հարցին՝ հնարավոր է, որ Սաշիկ Սարգսյանի համար են քանդել խողովակները, Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր չէ, դուք ինքներդ հասկանում եք… Ու եթե նման վերանորոգումներ տեղի են ունեցել, ապա պլանային է եղել: Գոյություն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնց համապատասխան էդ ամեն ինչը տեղի է ունեցել»:




Լրահոս