Աղջի՞կ եմ, ինչ եմ, որ նեղանամ. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այլեւս քաղաքական դաշտ չի վերադառնալու, քանի որ քաղաքականությունն իր գործը չէ:

-Պարոն Հայրապետյան, վերջին ժամանակահատվածում Ձեզ միշտ կարելի է տեսնել Արցախում, որտեղ տասնյակից ավելի մարզադաշտեր եք կառուցել: Կարելի՞ է ասել, որ Դուք տեղափոխվել եք Արցախ բնակվելու:

-Արցախն իմ հայրենիքն է, իմ մասնիկն է ու ես պարտավոր եմ, որպես ՀՀՖ նախագահ, ամեն ինչ անել Արցախի համար: Այսինքն` ինչ անում եմ ՀՀ-ի համար, մի քիչ ավելին անում եմ նաեւ Արցախի համար: Արցախը պետք է ուժեղ լինի եւ հիմա կա իր ժողովրդով: Ես ոչ թե ինչ-որ սենսացիոն բան եմ անում, այլ դա պետք է համարել ցանկացած ՀՀ քաղաքացու պարտք: Պետք է բոլորն էլ ամեն ինչ անեն, որ Արցախի ժողովուրդը չտարբերվի ՀՀ-ի ժողովրդից, Արցախի երեխաները եւս պետք է ունենան մարզադաշտեր:

-Դուք նաեւ Շուշի քաղաքում մեծ առանձնատուն եք կառուցել ու հիմնականում բնակվում եք այնտեղ: Ինչո՞ւ: Արդյո՞ք ՀՀ-ում Դուք Ձեզ լավ չեք զգում:

-Ամառները ես այնտեղ եմ լինում: Չի կարելի ասել` այնտեղ եմ ապրում, կարող է գա ինչ-որ ժամանակ, որ ցանկանամ ապրել, երբ թոշակի կգնամ… Բայց այս պահին չէ:

-Այնպիսի տպավորություն է, որ Դուք նեղացած եք ՀՀ իշխանություններից ու  մեկուսացել եք: Ինչո՞ւ:

-Մի հատ դեմքիս նայեք ու ազնվորեն ասեք, ես կարո՞ղ եմ մեկուսանալ, դուք պատկերացնո՞ւմ եք` ես մեկուսանամ: Կամ ես աղջի՞կ եմ, ինչ եմ, որ նեղանամ: Ես ընդհանրապես չեմ նեղանում:

-«Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո Դուք քաղաքական դաշտում ու ընդհանրապես ակտիվ գործունեություն չեք ծավալում: Հենց այդ իրադարձություններից հետո կարելի է ասել «անհետացել» եք դաշտից ու գնացել Արցախ:

-Արցախն իմ հայրենիքի մի մասնիկն է: Հիմա տեղափոխվել եմ Արցախ, ոչ թե, ասենք, Մոնակո: Իմ հայրենիքի մի մասում ամառանոց եմ կառուցել ինձ համար, ուզում եմ հաճելի կյանքով ապրել: Դուք կարող եք գնալ Արցախում հետաքրքրվել, թե ես երբվանից եմ այնտեղ ու թե «Հարսնաքար»-ի չարաբաստիկ դեպքերը երբ են եղել:

-Պարոն Հայրապետյան, տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Դուք շատ վատ փոխհարաբերություններ ունեք, ինչի համար էլ որոշել եք ոչնչի չխառնվել ՀՀ-ում:

-Դուք ինչից եք վերցրել, որ ես վատ հարաբերություններ ունեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ուրեմն ես ձեզ ասեմ. Նախ` Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է: Մի մոռացեք, որ կուսակցույթունն է նրան ներկայացրել: Ու ես բարոյական իրավունք չունեմ… կամ անձնական… որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ վրդովվեմ, նեղանամ, վատ հարաբերությունների մեջ լինեմ: Որպես մարդ, կարող է լինեն մարդիկ, որոնց հետ ես որեւէ հարաբերություն չունենամ: Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը: Հովիկ Աբրահամյանի հետ ես որեւէ պրոբլեմ կամ խնդիր չունեմ:

-ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի հետ եւս լարված էին Ձեր հարաբերությունները: Այդպես չէ՞:

-Ուրեմն վերջին 25 տարում Մհեր Սեդրակյանը միակ մարդն է ՀՀ-ում, ում ես համարում եմ իմ ավագ ընկերը: Ես ՀՀ-ում էլ ավագ ընկեր չեմ ընդունում, մյուսները հավասար են: Ես գիտեմ՝ էդ մարդիկ ովքեր են, որ երազում են իմ եւ Մհերի հետ ինչ-որ մի ձեւի կոնֆլիկտ ստեղծեն, բայց չի կարա տենց բան լինի, որովհետեւ Մհերն  իսկապես իմ ընկերն է: Նման բաների վրա ծիծաղացեք ու արհամարհեք: Մհերը նեղ ու լեն ժամանակն էլ իմ կողքն է եղել, ի տարբերություն այլ մարդկանց, ովքեր սիրում են խլուրդի պես տարբեր տեղեր մտնել՝ մի քանի կոպեկ փող շորթելու համար:

– Ո՞ւմ նկատի ունեք:

– Անցնենք այս թեման:

-Իսկ վերադառնալո՞ւ եք քաղաքական դաշտ:

-Հազիվ պրծել եմ, ինչի՞ս է պետք: Ես իմ սիրելի գործով եմ զբաղվում: Քաղաքականությունն իմ գործը չէ, շատ վատ է, երբ մենք մտնում ենք էնտեղ, որը մերը չէ: Մենք ունենք մեր գործն, ու ավելի լավ է դրանով զբաղվենեք, քան թե մտնում ենք քաղաքականություն ու չկարողանանք լիարժեք անել էն, ինչ ուզում ենք: Ավելի լավ է մնաս այնտեղ, որտեղ դու կաս:

-Ըստ Ձեզ, այսօր քաղաքական դաշտում շա՞տ մարդիկ կան, ովքեր չպետք է լինեն քաղաքականությունում:

-Ես կարծում եմ` այո, շատ նախարարներ էլ կան: Ու կարծում եմ` այդ նախարարները մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս