Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերգո Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նախարարության պաշտոնեությանը` ուղեկցությամբ Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի: Հանդիպման սկզբում Արտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նախարարության միջև արդեն մեկ տարի ձեւավորված համագործակցությանը, կարեւորեց նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը: Վեհափառ Հայրապետը  նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է, որը պիտի ուղղված լինի հայ գյուղացու աշխատանքի արդյունավորմանը եւ այդպիսով` Հայրենիքի շենությանն ու բարգավաճմանը: Նորին Սրբությունը հորդորեց առավել չափով միջոցներ ձեռնարկել, որ հայ գյուղացու կյանքն ավելի բարելավվի, ուրախությամբ մշակելով հողը` գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները եւ կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարևորագույն գրավականներից մեկն է:Գյուղատնտեսության նախարարն իր եւ աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի օրհնության և զորակցության համար եւ մեծապես կարեւորեց Եկեղեցու հետ գործակցությունը: Հանդիպման ավարտին վերստին հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերելով նախարարին եւ նախարարության աշխատակազմին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է շարունակել ամենայն ջանադրությամբ, նվիրումով եւ նախանձախնդրությամբ իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին եւ Հայրենիքին:




Լրահոս