Կոտայքի մարզի կրթության վարչության պետն ապակողմնորոշո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը 2009 թվականին Հրազդանի հատուկ դպրոցը միացրել էր թիվ 11 միջնակարգ դպրոցին, որի արդյունքում աշխատանքից ազատել էր տնօրենին՝ Աբգար Գյուլումյանին: Տնօրենը փորձել էր իր իրավունքները վերականգնել դատական կարգով: Դատարանը որոշում էր կայացրել, որ աշխատանքը վերականգնել հնարավոր չէ, բայց մարզպետը պարտավոր է նյութապես փոխհատուցել նախկին տնօրենին: Սույն թվականի օգոստոսի 5-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ նիստ, որտեղ քննարկվեց Աբգար Գյուլումյանի հարցը: Նախկին տնօրենը գրությամբ դիմել էր նոր մարզպետին՝ խնդրելով թույլատրել ներկա գտնվել նիստին: Մարզպետի կողմից խնդրանքն ընդունվել էր:

Նիստի ընթացքում Ա.Գյուլումյանը ներկայացրեց այնպիսի փաստաթղթեր, որոնք հստակ ցույց տվեցին, որ ինչպես նախորդ, այնպես էլ նոր մարզպետին պետական տարբեր ատյաններում ստել են: Եղած փաստերի համաձայն տնօրենին ազատելուց հետո նոր աշխատակիցներ են ընդունել, մինչդեռ, ըստ օրենքի՝ պետք է իրեն ընդունեին: Կոտայքի կրթության վարչության պետ Հովհաննես Կոստանյանը պնդեց, որ Ա. Գյուլումյանն իր նախկին պաշտոնին չի կարող վերադառնալ, քանի որ դպրոցը միացել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հիմնական դպրոցին՝ որպես այդ դպրոցի մասնաճյուղ, տնօրենի հաստիք էլ գոյություն չունի:

Ա.Գյուլումյանին վրդովեցրեց կրթության վարչության պետի պահվածքը եւ նա բորբոքված հայտարարեց. ՙՈւզում եմ ցավակցություններս հայտնել Կոտայքի մարզպետ պարոն Ա. Հարությունյանին` կրթության վարչության նման պետ ունենալու կապակցությամբ: Ընդամենը մի բան ասեմ եւ դուք եզրակացրեք, թե ով է մեր մարզի կրթության վարչության պետը. Կոստանյանն ասում է, որ հատուկ ստորաբաժանման շրջանակներում ժամեր են տրամադրվել հանրակրթական դպրոցի մասնագետներին, եւ այստեղ ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել:

Այս մարդը պատկերացում չունի հատուկ կրթության մասին եւ չի հասկանում, որ մանկավարժական համալսարանը հատուկ կրթության համար մասնագետներ է պատրաստում՝ նրանց տալով այդ դպրոցի ուսուցչի որակավորում:
Իմ հարցը քննարկվել է ՀՀ Հանրային խորհրդում եւ այդ քննարկման ժամանակ սա՝ Կոստանյանը, կարծիք է արտահայտել, որ ես պետք է աշխատեմ: Ես այսօր նրան հարցնում եմ` Դուք Ձեր գրավոր կարծիքը օրենքի շրջանակներո՞ւմ եք ասել, ասում է` այո, ասում եմ` իսկ ինչո՞ւ հիմա օրենքը չեք պաշտպանում: Քար անտարբերություն:

Իսկ թե ինչպիսի նամակ է ուղարկվել ՀՀ նախագահին, պարզապես կապշեք, ասեմ ծիծաղեք ու եւս մի անգամ պատկերացրեք, թե ինչպիսի պետ ունեն Կոտայքի ուսուցիչները. ՀՀ Կոտայքի մարզպետը (նախկինօ հունիսի 19-ին ինձ հանձնարարել Է կատարել կառավարության որոշումը` դպրոցների միացման մասով: Մարզպետարանը նամակ է ուղարկում ՀՀ նախագահին, թե Գյուլումյանը կառավարության որոշումը պետք է կատարեր մայիսի երկուսին, բայց չի կատարել: ժամանակի զգացողության պակասություն: Ա՛յ վարչություն պետ, եթե ինձ հունիսի 19-ին ես ասել, ո՞նց կարող եմ կատարել մայիսի 2-ին, ՀՀ նախագահին ինչու ես խաբում, այսպիսի փաստեր` որքան ուզեք, որոնց մասին դեռեւս շատ կխոսվի: Բա Կոտայքի մարզին այսպիսի պետ պե՞տք է՚,- հարց ուղղեց նախկին տնօրենը:

Նշենք, որ նիստի ընթացքում վարչության պետը դուրս եկավ սենյակից, այնուհետեւ քննարկումը տեղափոխվեց փոխմարզպետի մոտ, ով Ա. Գյուլումյանին լսելուց հետո պատասխանեց, որ հարցը գտնվում է մարզպետի ուշադրության ներքո, կուսումնասիրվի եւ պատասխան կտրվի, իսկ անհրաժեշտության դեպքում նախկին տնօրենին նորից կհրավիրեն քննարկման:

Արեւիկ Հակոբյան
Հրազդան




Լրահոս