Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսական անձնակազմը շարունակում են պայքարել ՕԵԿ-ի անօրինականությունների դեմ:
Համալսարանականները կազմակերպել էին բողոցի ցույց` պահանջելով վերջ դնել բուհի տարածքում իրականացվող անօրիանական շինարարությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ` քաղաքապետարանի ներկայացուցիչները եկել, շինությունը որակել են որպես ապօրինի և տուգանել են:
«Շինարարական աշխատանքների ինքնակամ կազմակերպման առնչությամբ քաղաքապետարանի կողմից արձանագրություն է կազմվել»,- ասաց Ա. Գրիգորյանը:
«Անօրինական շինության պատճառով 2 մլն 500 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում, իսկ եթե տուգանվելուց հետո կրկին շարունակվեն շինարարական աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հետագա գործողությունները կքննարկվեն դատական գործընթացում»,- հավելեց քաղաքապետարանի աշխատակիցը:
Ագրարային համալսարանի ռեկտորի տեղակալ Դանիել Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Բազմաթիվ ակտիվիստներ սոցցանցերի և անհատական կապերի միջոցով հավաքվել են, որպեսզի պայքարեն այս անօրնականության դեմ: Դա ռեկտորի ցուցումով չի եղել»:
Վերջինս հավելեց նաև, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել բողոքի ցույցեր կազմակերպելուն, ավելին, հակված էին օրինական ճանապարհով այս հարցը լուծել, սակայն, հասկանալով, որ իրենց այդ ցանկությունը հետզհետե հեռանում է իրական լինելուց, անցել են այսպիսի գործողությունների:
Լուսինե Հակոբյան