«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խմբում յուրօրինակ ֆլեշմոբ են անցկացնում. նրանք հետևյալ բովանդակությամբ տեքստեր են հրապարակում:
« Ես … ….. եմ, ՀՀ քաղաքացի,աշխատում եմ և վճարում եմ հարկեր իմ երկրի համար, այդ թվում՝ նաև սոցիալական վճարներ: Չեմ պատրաստվում ոչ մի լումա իմ աշխատավարձից փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանի համար, ո՛չ հիմա և ո՛չ էլ առավել ևս 2017 թվականի հուլիսի 1-ից հետո»:
Նախաձեռնության անդամները նաև դժգոհում են, որ պարտադիր սոցիալական վճարից հրաժարվելու դիմումների համար շատ քիչ ժամանակ է մնացել: Նշենք, որ հրաժարվելու մասին դիմումները հարկայինի կայքում տեղադրվել են միայն օգոստոսի 15-ի երեկոյան, իսկ հաշվապահների կողմից ներկայացվող դիմումների վերջնաժամնկետն օգոստոսի 20-ն է:
Եթե հաշվի առնենք, որ օգոստոսի 15-ից հետո 3 օր եղել է ոչ աշխատանքային, ստացվում է, որ նրանք ընդամենը 2 օր ունեն այդ ամենն իրականացնելու համար: Ստացվում է, որ արհեստականորեն խնդիրներ են ստեղծվում քաղաքացիների համար: