ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԱՆՎԱՆԵՑԻՆ ԴԱՎԱՃԱՆ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները 180 օրվա ընթացքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 90 օր: Ու հիմա Բաղդասարյանը խնդրում է, որ ՀՀ քաղաքացիների համար այս պայմանները մեղմվեն, եւ հայերը կարողանան երկար ժամանակ մնալ ՌԴ-ում: Փաստորեն, սրանով Ա. Բաղդասարյանն անուղղակի կերպով խոստովանում է Հայաստանի թուլությունը, երբ ՀՀ քաղաքացիներն իրենց երկրում աշխատանք չեն գտնում ու մեկնում են ՌԴ: Ավելին, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն անուղղակի կերպով խրախուսում է արտագաղթն ու նպաստում դրա զարգացմանը. դե հո չե՞ն թողնելու, որ դժգոհ զանգվածը մնա Հայաստանում ու հեղափոխություն անի: Թերեւս պատահական չէր, որ ժամանակին ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանին անվանեցին դավաճան:   Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչեւ 1974թ. ծնված բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն են կամավորության սկզբունքով օգտվում կուտակային կենսաթոշակային համակարգից: Իսկ ահա մինչեւ 1974թ. ծնված մյուս պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խուսափում են այդ համակարգին դիմելուց: Եվ սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կատարած այցի ժամանակ կոչ էր արել «առանց զլանալու» բոլորին բացատրել այդ համակարգի կարեւորությունը: Փաստորեն, նա զլացել է սեփական օրինակով ցույց տալ. համենայնդեպս, երեկ մեզ չհաջողվեց ճշտել հակառակը: Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր սկզբունքով տարածվում է այն պաշտոնյաների ու պատգամավորների վրա, որոնք ծնվել են 1974թ. հետո. սա տարածվում է երկու նախարարի` Արմեն Աշոտյանի ու Դավիթ Սարգսյանի, ինչպես նաեւ ԱԺ 27 պատգամավորի վրա:   Մեր երեկվա համարում գրել էինք, որ ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրանալու է մինչեւ 450-500 հազար դրամ, ինչը լուրջ հիասթափություն եւ զայրույթ է առաջացրել ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ: Նրանք, հույսները կտրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից, որը մի կերպ կարողացավ անձնական խնդիրները կարգավորել՝ դարձյալ պահպանելով աթոռը, իրավական տարբեր կարգավիճակներով տարաբնույթ նամակներ են ուղարկել եվրոպական տարբեր կառույցների՝ ընդհուպ մինչեւ Եվրամիությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հայաստանյան դատական համակարգի վրա: Մի շարք դատավորների պնդմամբ՝ այսօր ամենախոցելին իրենք են. հա՛մ կատարում են ՀՀ նախագահի նստավայրից իջած պատվերները, հա՛մ էլ «սխալվելու» դեպքում դառնում են քավության նոխազ՝ չկարողանալով պաշտպանել իրենց իրավունքները: Այս թեմային «Ժողովուրդ»-ն առավել հանգամանորեն կանդրադառնա առաջիկայում:   Գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքնագլուխ չէ գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը. «Ես հո դա ինքնագլո՞ւխ չեմ արել: Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»: Փորձեցինք զրուցել նաեւ Արշալույս Փայտյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ Ալբերտ Օհանջանյանը վերականգնել է պետությանը հասցված վնասը եւ 150 տոննա տարողությամբ սառնարան կառուցել ՊՆ-ի համար: Ավելին, Օհանջանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միգուցե այս ամենից հետո գոմեշի մսի գործն ընդհանրապես կարճվի:         ԻՄԻՏԱՏԻՎ Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գազային պայմանագրերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ծավալվող գործընթացը: Ինչպես հայտնի է, նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած նախագծին: Երեկ, սակայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե մեծամասնությունը պետք է ընդուներ ընդդիմության այդ առաջարկը, քանի որ այն «արգումենտ էր դառնալու իշխանության համար», նշեց, որ գազի ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն: Բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»: Թեեւ առայժմ վերջնականապես հստակ չէ, թե ինչպիսին կլինի գազի պայմանագրերը քննարկելու` իշխանական նախաձեռնության ձեւաչափը, այդուհանդերձ հենց ինքնին փաստը, որ իշխանությունը ի վերջո հանգեց հարցը վերստին քննարկելու որոշմանը, ցույց է տալիս, որ խնդիրն այնքան ակնառու է, որ թեկուզ իմիտատիվ, սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունն անխուսափելի է: Բայց այստեղ ամենակարեւորն այն է, թե ինչ է տալու այդ պայմանագրերի պոստֆակտում քննարկումը` լինի դա ԱԺ ոչ իշխանական ուժերի առաջարկած` ժամանակավոր հանձնաժողովի, թե Հովիկ Աբրահամյանի նշած ձեւաչափով: Ի վերջո, Վլ. Լենինի հայտնի բանաձեւը` «եթե ուզում ես որեւէ բան կոծկել, ստեղծի՛ր հանձնաժողով», մշտապես ակտուալ է եղել ՀՀ Ազգային ժողովում ստեղծված անխտիր բոլոր ժամանակավոր հանձնաժողովների դեպքում. լինի դա մարտի 1-ի հանձնաժողովը, թե գազի հարցով նախորդ հանձնաժողովը, որի գոյության մասին, ի դեպ, այսօր արդեն ոչ ոք չի հիշում: Իրականում ԱԺ բոլոր հանձնաժողովներն էլ կոչված են եղել բուն հարցի շուրջ հանրային կրքերը մեղմացնելուն, ընդդիմադիր տրամադրությունները ժամանակի ընթացքում մաշեցնելուն եւ խնդիրը ծածկադմփոց անելուն: Ուստի, եթե ընդդիմությունն իրոք ուզում էր խոչընդոտել գազային համաձայնագրի ստորագրումը, ապա ոչ թե պետք է բավարարվեր դրա քվեարկությունը բոյկոտելով, այլ այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով ժողովրդին ոտքի հաներ` թույլ չտալու համար գազային կապիտուլյացիան: Մինչդեռ մեր հարգարժան ընդդիմադիրների ընտրազանգվածն այդ օրերին մենք ոչ մի տեղ չտեսանք: Ավելին, այն մի քանի տասնյակ քաղաքացիներն էլ, որոնք ԱԺ-ի առջեւ բողոքի ակցիա էին անում, հիմնականում ապակուսակցական քաղաքացիական ակտիվիստներն էին: Հետեւաբար, ամենակարեւոր պահին վճռական դիմադրություն ցույց չտված ընդդիմությունը, կամա թե ակամա, այս հարցում ջուր է լցնելու իշխանության իմիտատիվ ջրաղացին:




Լրահոս