ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ԷՐ ՔԱՐՈԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր: Նա եկավ միայնակ: Նրան մոտ մեկուկես ժամ անհամբեր սպասում էին ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), նրա փեսա Կորյուն Նահապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ի դեպ, հավաքին ներկա էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Տեղում պարզեցինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին իրենց աշխատավայրերի ղեկավարներն ասել էին, որ ժամը 16:30-ին ՀՀԿ-ն Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող հրապարակում անվճար համերգ է կազմակերպելու: Երբ երկու երիտասարդների հարցրինք, թե ուր են գնում, ասացին` համերգի:
Նշենք, որ համայնքի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին հրահանգել էին, որ ժամը 16:00-ին իրենց աշխատակիցների հետ անպայման ներկայանան Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Ու թեեւ մանկապարտեզների աշխատանքն ավարտվում է 17:00-ին, սակայն երեկ «բացառության» կարգով «գործն» ավարտվել էր 15:00-ին: Մանկապարտեզի աշխատողները դեռեւս մի քանի օր առաջ երեխաների ծնողներին տեղեկացրել էին, որ այդ օրն իրենց երեխաներին շուտ տանեն տուն եւ անհապաղ գան Անդրանիկի արձանի մոտ: Վերջիններիս անգամ ՀՀԿ-ի լոգոյով դրոշակ էին տվել եւ պարտադրել այն անպայման իրենց ձեռքում պահել, իսկ երբ Սերժ Սարգսյանը ժամանի, վերեւ բարձրացնել:
Մի խոսքով, ինչպես Էրեբունի, այնպես էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մարդկանց ավտոբուսներով լցրել էին հանդիպման` առաջացնելով լուրջ խցանումներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ավելի ուշ նրան միացած Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը եւ Տարոն Մարգարյանը հավաքի անվտանգությունն ապահովող Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ու փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի (Բազազ) հետ ունկնդրում էին երգիչներ Արամեին, Ալլա Լեւոնյանին ու Արսեն Գրիգորյանին: Ու թեեւ ծրագիրը վարող Արմեն Պետրոսյանը (Մենչը) ամեն ինչ անում էր` մարդկանց մեջ ոգեւորություն մտցնելու համար, բայց չէր ստացվում:
Եւ այս մթնոլորտում ժամը 18:15-ի սահմաններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եկավ համայնք: Նրա հետ ոչ ոք չկար: Բոլոր պատգամավորները մոտեցան, ողջունեցին ՀՀԿ նախագահին:
Սերժ Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ իրենք ԱԺ ընտրություններին սատարելու են Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը, սակայն որեւէ բառ չասաց Կորյուն Նահապետյանի վերաբերյալ: Նա խոսեց տնտեսական խնդիրների մասին, խոստացավ, որ իրենց հավատալու դեպքում կփոխվեն: «Մեր տնտեսական քաղաքականությունը ուղղված է լինելու փոքր ու միջին բիզնեսի համար, Հայաստան են բերվելու նոր, արդիական ձեռնարկություններ, նոր ներդրումներ են կատարվելու: Մենք որդեգրել ենք նոր տնտեսական հայեցակարգ: Մենք շարունակելու ենք պարզեցնել հարկային դաշտը, եւ հարկային դաշտը հիմնականում տեղափոխվելու է խոշոր բիզնեսի կողմը: Մենք պայքարելու ենք անհավասարություն ծնող պայմանների դեմ»: Վերջում Ս. Սարգսյանն ավելացրեց. «Այո՛, ժողովրդավարությունը մշակույթ է, իսկ մենք՝ որպես հասարակություն եւ ժողովուրդ, դեռ մշակված չենք: Դա խթան պետք է լինի մեզ համար, այլ ոչ թե հուսալքվելու առիթ, մենք Հանրապետական կուսակցությունն ենք, եւ հուսալքվողներից չենք»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս