Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գազի Հովո մականունով հայտնի արտաշատցի Հովհաննես Ղազարյանը, որը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր հետ վիճաբանությունից, իր դեմ մահափորձից հետո ստիպված էր հեռանալ Հայաստանից, այժմ ղեկավարում է ՀՀԿ Արտաշատի ենթաշտաբներից մեկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ղազարյանը համաձայնել է աշխատել ՀՀԿ օգտին, քանի որ իր որդին այժմ գտնվում է բանտում. նրան մոտ 10 տարվա ազատազրկում է սպասվում: Ու հիմա իշխանությունները խոստացել են պատժաչափը կրճատել, եթե Ղազարյանն իրեն լիազորված տարածքում ապահովի նվազագույնը 5000 ձայն: Մեր տեղեկություններով` մի քանի օր է` Ղազարյանին պատկանող տաքսի ծառայության մեքենաների վրա հայտնվել են ՀՀԿ դրոշներ. ընդ որում, խոսքն այն տաքսի ծառայության մասին է, որի համար էլ Աբրահամյանների հետ վիճաբանել էին նրանք: Ու հենց այդ տաքսիներից մեկն էր այրել Հովիկ Աբրահամյանի որդին: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու է երբեմնի ընդդիմադիր, Հովիկ Աբրահամյանի դեմ կատաղի պայքար տվող Հովհաննես Ղազարյանը այսօր ՀՀԿ-ի համար աշխատում, շատ սպառիչ մեկնաբանություն ստացավ. «Շնորհակալություն, հաջողություն եւ առողջություն եմ մաղթում»: Հավելենք, որ արտաշատցիները Ղազարյանի վերափոխման կապակցությամբ սկսել են կատակել. «Գազի՞, թե՞ ղազի Հովո»:
ԳԱԶԻ՞, ԹԵ՞ ՂԱԶԻ ՀՈՎՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ