Ա. Բախշյանը կպարգեվատրի նրան, ով կարձանագրի ընտրակաշառքի փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անահիտ Բախշյանը խոստանում է պարգևատրել նրան, ով կարձանագրի ընտրակաշառքի փաստը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը: Բանախոսի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ դրական փոփոխություն կա նախորդ քարոզարշավի հետ համեմատած, կա հեռուստատեսային հավասար լուսաբանում, ինչն ակնհայտ է և շատ դրական: Երկրորդը, ըստ նրա, բացի անվտանգության ծառայության կրնկակոխ հետևելուց՝ արտառոց բան տեղի չի ունեցել, մնացածը քարոզարշավն է՝ իր ընթացքով: 
Անդրադառնալով խախտումներին` ասաց, որ բոլորը խոսում են ընտրակաշառք բաժանելու մասին: “Մանանդյան փողոցի վրա ՀՀԿ այսինչ մականունավոր մարդը բաժանում էր 8 հազար դրամ, իսկ ԲՀԿ-ն` 13 հազար: Տնետուն ընկնում են, ցուցակագրում մարդկանց, գյուղերում պարարտանյութ են բաժանում: Կիրակի օրը Մեծամորում մեր քարոզարշավի ժամանակ ասացին, որ ՕԵԿ-ը քիչ առաջ դդումի մուրաբա տարավ քարոզարշավի”,- մանրամասնեց Անահիտ Բախշյանը: 
Նա հայտարարեց, որ դրամական մեծ պարգև է խոստանում այն լուսանկարիհամար, որտեղ պատկերված կլինեն կաշառք տվողը և վերցնողը: Ա. Բախշյանն ընդգծեց, որ պետք է տվողն ու վերցնողը հստակ երևան: 
Լավ ուսումնասիրելով այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում` միմյանց են կապում “Ժառանգությանը” և ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին, եկել է այն համոզման, որ դրանք քաղաքական ինտրիգներ են: “ԲՀԿ-ն քննադատում է տնտեսությունը, մինչդեռ ինքն էլ է նպաստել դրան, իսկ հիմա ասում է` գիտե՞ք, նոր եմ գլխի ընկել, որ տապալել եմ տնտեսությունը: Ո՞վ է հավատալու, ոչ ոք: Եթե իսկապես մտահոգ է մեր երկրի ապագայով և իսկապես ուզում է փոխել, թող չեղյալ համարի կալիցիոն հուշագիրը, ասի` չէ, ես այս դաշտում եմ, և կտեսնեք, թե ինչ կանեմ: Իրենք էլ, դաշնակներն էլ, ՀԱԿ-ն էլ մի ուրիշ տեսակ ձայնագողությամբ են զբաղվում”,- նշեց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը “Ժառանգությունն” է:




Լրահոս