Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ովառավել հայտնի է Տուգո անվանմամբ, կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանք համատեղ բիզնես են ունեցել, որի հետեւանքով պարտք ու պահանջի հարց է ծագել` հանգեցնելով զենքի գործադրման:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` կրակոցները հնչել էին ժամը 20.20-ին: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, որտեղ ասել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:
Ով է Արսեն Ավագյանը
Կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել է ԲՀԿ նախկին պատգամավոր, ինչպես նաեւ հանդիսանում է «Աստաֆյան» զվարճանքների կենտրոն ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը «Աստաֆյան» կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ եւ միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ«ՙԱստաֆյան» ՓԲԸ-ին` ընտրվելով ընկերության նախագահ:
Նշենք, որ «Աստաֆյան» համալիրի կառուցման շինարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Բանն այն է, որ հայր եւ որդի Ավագյանների «Աստաֆյան» համալիրը կառուցվեց կենտրոնաբնակ երեւանցիներից մի քանիսի սեփականության հաշվին` մասնավորապես Աբովյան 5/1 տուն 8 հասցեում բնակվող եւ 9 հոգուց բաղկացած ընտանիքի պապական տան հաշվին, որոնց առաջարկվել «Աստաֆյան»-ի կառուցման համար տրամադրել իրենց սեփականությունը գումարային փոխհատուցման դիմաց, սակայն նրանք հրաժարվում էին, քանի որ առաջարկվող գումարով կենտրոնում անգամ մեկսենյականոց բնակարան չէին կարող գնել:
Բայց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ Էներգետիկայի ներկայիս նախարար Երվանդ Զախարյանի «թեթեւ ձեռքով» ավելի ուշ աճուրդի հանվեց նույն հասցեի` 160 քմ տարածքի կառուցապատման իրավունքը, որտեղ հաղթող ճանաչվեց «Աստաֆյան» ՓԲԸ-ն: Ու մինչ բնակիչները հնարավոր բոլոր օղակներն օգտագործում էին` իրենց պապական ունեցվածքը փրկելու համար, այնուամենայնիվ ջանքերն ապարդյուն անցան:
«Կռիվ կինո -2»
«Նորաշեն 2007» կոոպերատիվի պատմությանը հայտնի է բոլորին ոչ միայն իր խճճված պատմությամբ, այլեւ հարուցված քրեական գործի մութ կողմերի ու ներքաշված հերոսների քանակով: Կմտածեք, թե ինչ կապ ունի բնակարանների խաբեության այս պատմությունը Տուգոյի հետ: Պարզվում է` ունի:
Դեռեւս 2007-ին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ նրա գործընկեր Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը կոոպերատիվի շահառուների հետ կնքել էին նախավճարի պայմանագրեր, այսինքն` երբ կառուցվող բնակարանների համար ապագա տերերն ըստ սահմանված ժամանակացույցի կատարեին ողջ մուծումը, նրանց հետ պետք է կնքվեին առքուվաճառքի պայմանագրեր:
Սակայն որոշ անց խնդիրներ էին առաջացել կոոպերատիվի 3 շենքերի շինարարության հարցում, ինչը «Նորաշեն 2007»-ի ղեկավարներին ստիպել էր գումարներ փնտրել` գործն ավարտին հասցնելու համար: Գտնվել էին մարդիկ, ովքեր տվել էին գումար, բայց ոչ թե սովորական պարտքի տեսքով, այլ` տոկոսադրույքով, ինչը համարվում է վաշխառություն եւ պատժվում օրենքով: Ավելի ուշ պարզվել էր , որ այդ մարդիկ շատ հայտնի դեմքեր էին:
Ստեղծված իրավիճակը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում եւ դեռ ավելին` գործը 2011թ. մտել է դատարան: Գործով ամբաստանյալները բարձրաձայնել էին մի քանի բարձրաստիճան պաշտոնայների անուններ` մասնավորապես տվել էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու` պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության (ՏՀՏ) նախկին պետ Դավիթ Բեգլարյանի, Պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Արթուր Պողոսյանի, եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Աստաֆյան» համալիրի սեփականատեր Արսեն Ավագյանի անունները:
Ավելին` մեղադրյալներից Արմեն Թադեւոսյանը դեռեւս 2012թ. նամակ էր գրել Սերժ Սարգսյանին` նշելով, թե ճաղերից դուրս են նրանք, ովքեր կոոպերատիվի ղեկավարներին տոկոսով գումար են տվել, ինչը վաշխառություն է` օրենքով արգելված գործունեություն: Պարզվում է` խարդախության, չարամտորեն հարկերից խուսափելու հոդվածներով հարուցված քրեական գործն արդեն երեք տարի է, ինչ քննվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ու մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «խոշոր ձկներին» պետք է «գլխից բռնել», փորձը ցույց է տալիս, որ մանրներն են «կարթն ընկնում»` հայտնվելով ճաղերի հետեւում:
Համատեղ բիզնեսի հետեւանքը
Ինչպես նկատացեիք, նախկին պատգամավորը բիզնես գործունեության հարցում այնքան էլ մաքուր չէ եւ մշտապես հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում: Ուստի օգոստոսի 29-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հնչած կրակոցներն ամենեւին էլ անակնկալ չի կարելի համարել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արսեն Ավագյանը` Տուգոն, 51-ամյա Սուրեն Իսահակյանի հետ համատեղ բիզնես ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց միջեւ առաջացած պարտք ու պահանջի խնդիրներն են հանգեցրել կրակոցների: Իսկ թե կոնկրետ ինչու է նախկին պատգամավորը կրակել իր բիզնես գործընկերոջը, դեռեւս անհասկանալի է մնում: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Արսեն Ավագյանին, դեռ վաղ է ասել: Կհաջողվի՞ նրան այս պատմությունից չոր դուրս գալ, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում արձանագրենք, որ նախկին պատգամավորը ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Քնար Մանուկյան