Գյումրու անօթևանները որոշման են սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Գյումրու անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրներին: Հիշեցնենք, որ բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում մինչեւ 2008 թվականի նոյեմբերի մեկը քաղաքապետարան համապատասխան փաստաթղթեր ներկայացրած 432 անօթեւևան ընտանիք: Այս քաղաքացիները դեռ 2 տարի առաջ պետք է բնակարանամուտ նշեին եւ տնակից տեղափոխվեին «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարաններ, սակայն 2012թ-ին շինարարական աշխատանքները կասեցվեցին:

Շիրակ կատարած իր վերջին այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրու քաղաքապետարանին հանձնարարեց խնդիրը լուծել բնակիչների ընտրությամբ: Քաղաքապետարանը հրավիրեց 432 շահառու ընտանիքներին` քվեարկությամբ ընտրելու շարունակել շինարարությունը, թե իրենց հանձնել պետության կողմից տրվող բնակարանների գնման վկայականները: 432 ընտանիքից այս հարցմանը մասնակցեցին 367-ը, իսկ մնացած 65 ընտանիքը չներկայացավ: 259 ընտանիք կողմ քվեարկեց ԲԳՎ-ին, իսկ 108-ը` բնակարանաշինությանը:

Թեեւ կառավարությունն այս դեպքում հաշվի է առնում անօթեւանի ցանկությունը, սակայն այդպես էլ չի հստակեցնում, թե վկայագրի արժեքն ինչքան է լինելու, կամ ինչ չափորոշիչով է այն տրվելու եւ վերջապես երբ է տրամադրվելու այդ գումարը: Մինչդեռ անօթեւանները շարունակում են մնալ անորոշության մեջ` վստահ լինելով, որ իրենց այնքան գումար չեն հատկացնելու, որպեսզի Գյումրիում կարողանան գնել կորցրած սենյակներին համարժեք բնակարաններ:

Բնակիչների մոտ նման հոռետեսությունն առաջ է եկել նախկին անհաջող փորձի հետեւանքով: Տարիներ առաջ անօթեւանության խնդիրը կրկին փորձեցին լուծել ԲԳՎ-ների տարբերակով, ինչի արդյունքում շատերը չկարողացան բնակարան գնելª գումարը չբավականացրեց, շատերն էլ գումարը ծախսեցին ոչ նպատակային եւ շարունակեցին անօթեւան մնալ:

Թե որքան գումար է հատկացնելու պետությունը եւ երբ այն կտրվի բնակիչներին, այս հարցերի պատասխանը Գյումրու քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը չունեն, միայն ասում են, որ սպասում են կառավարության որոշմանը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս