ՊՆ-ն չի բարեհաճել զինվորի ծնողներին ժամանակին հայտնել իրենց որդու մահվան լուրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը: armlur.am-ի թղթակիցը շտապել էր զինվորի տուն, որպեսզի հասկանար, թե ինչն է եղել զինվորի մահվան պատճառը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Սամվել Հարությունյանն ինքնասպան է եղել: Երբ մեր լրագրողը ծեծել էր զոհված զինվորի բնակարանի դուռը, հարեւանուհիներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչ է պատահել: Լրագրողը հայտնվել էր անասելի ծանր դրության մեջ, քանի որ ստիպված էր եղել դուռը բացած զինվորի հարազատներին ասել իրենց որդու հետ կատարվածի մասին: Ու պատկերացնել կարելի է, թե շքամուտքում ինչ ճչոցներ են լսվել: Սամվելի մայրը՝ տիկին Լիլյան, ուշագնաց եղավ… Ժամը 14:00 սահմաններում նոր ՊՆ-ից բարեհաճեցին ներկայանալ զինվորի տուն՝ կատարվածի մասին հայտնելու։ Նրանք գլուխները կախել էին եւ չէին կարողանում պատասխանել ծնողների հարցադրումներին: Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էր ՊՆ-ն ծնողներից գաղտնի պահում կամ հապաղում հայտնել զինվորի մահվան լուրը»:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Հարությունյանի մահվան գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս