ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկար ընդմիջումից հետո շարունակվեց Գյումրու շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան գործով քննությունը: Դատական նիստը բավականին բուռն ու լարված մթնոլորտում անցավ:  
Հիշեցնեք, որ 2011թ. հունիսի 26-ին Գյումրու ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոց, երկրորդ նրբանցք, 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը, ծեծելով սպանել էր վաստակաշատ բժշկին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվում է արդեն 5 ամիս: Ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարանում միջնորդել էր արտաշիրիմում կազմակերպել դիակի նոր փորձաքննություն իրականացնելու համար, սակայն սա հարուցել էր տուժող կողմի դժգոհությունը, եւ դատարանը մերժել էր: Հիմա արդեն ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը դատարանին միջնորդեց լրացուցիչ համալիր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ: Ըստ մեղադրվող կողմի` փորձաքննությունը թերի է եղել:  «Խոսքը դեղանյութերի փորձաքննության մասին է: Բժշկին ներարկում է եղել, սակայն պարզ չէ, թե երբ ու ինչ է ներարկվել: Արյան անալիզները կատարվել են միայն պարզելու համար` ալկոհոլ օգտագործած եղել է, թե ոչ, բայց իմ պաշտպանյալը պնդում է, որ քույրը բժշկին երեք դեղանյութ է ներարկել, երբ նա վատացել է Արտակենց տանը: Ի՞նչ դեղեր են եղել դրանք, չի ասվում»,-դատարանում հայտարարեց ամբաստանյալ Արտակ Կարապետյանի  պաշտպանը:
Մեղադրող եւ տուժող կողմերի դժգոհություններից հետո դատարանը մերժեց նաեւ  այս միջնորդությունը: Սակայն սպանության մեջ մեղադրվող անձը հիմա նոր հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ ինքը ունի գործին վերաբերող ձայնագրություններ եւ պատրաստվում է դրանք ներկայացնել դատարանին: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 27-ը: Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է` դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:
Սպանված բժշկի հարազատները դժգոհ են, որ ամբաստանյալն անդադար ձգձգում է դատաքննությունը: «Անամոթաբար, ծեծելով սպանել է, հիմա հեքիաթներ է հորինում, ի՞նչ է ուզում ապացուցած լինի, չենք հասկանում: Պատկերացնո՞ւմ եք, արտաշիրիմում էր պահանջում, չեն թողնում խեղճ մարդը հողի տակ հանգիստ պառկի: Հիմա էլ կպել են ներարկումներից, ինչ-որ բաներ են մտածում, ամո՛թ է, ամո՛թ, իրանց տան մեջ է դեպքը եղել: Իմ ամուսինը ողջ-առողջ գնացել է աշխատանքի: Մենք սպասում էինք, որ գնանք թոռանս ծնունդին»,-«Ժողովուրդ»-ին պատմեց բժիշկ Աշոտ Գրիգորյանի այրին` Ջուլիետա Գրիգորյանը: Նրա շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Սուսաննա Մխիթարյանն էլ կարծիք  հայտնեց, որ փորձաքննությունը բոլոր հարցերի պատասխանները տվել է. «Բժշկին սպանել են ծեծելով: Նրա մահը վրա է հասել ծեծի արդյունքում»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս