«ԻՄ ՄԻԱԿ ՄՐՑԱԿԻՑԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջադրվել է Երեւանի թիվ 12 ընտրատարածքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով իր պատգամավորական գործունեության մասին, Խաչատրյանը նշեց, որ ինքը ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված այն եզակի պատգամավորներից է, ով մշտապես եղել է ժողովրդի կողքին, գրեթե բոլոր համայնքների ղեկավարների հետ ունեցել է ամենօրյա ուղղակի շփումներ: Պատգամավոր լինելը երբեք չի փոխել իրեն, ինչը հազվադեպ երեւույթ է մեր իրականության մեջ:
-Պարո՛ն Խաչատրյան, նախապես հայտարարել էիք, որ ինչ էլ պատահի, Ձեզ համար հարազատ դարձած Ապարանը չեք թողնի: Ինչո՞ւ այն զիջեցիք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վրեժ Մարկոսյանին:
-Ես ոչ մեկին չեմ զիջել, պարզապես 9 տարի լինելով Ապարան, Արագած, Աշտարակ տարածաշրջանի պատգամավորը՝ ես այնտեղ բազմաթիվ աշխատանքներ եմ կատարել: Ե՛ւ դպրոցներ ու հիվանդանոցներ ենք վերանորոգել, ե՛ւ ճանապարհներ ենք բարեկարգել, ե՛ւ ջրագծեր ենք անցկացրել: Բայց որքան ջրագծերը շատացան, այնքան ցանքերը պակասեցին, որքան հիվանդանոց վերանորոգեցինք, բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն ունեցողների թիվը նվազեց: Եւ ես հասկացա, որ մի ոլորտում միայնակ բարեփոխումներ անելով` ժողովրդի վիճակը չես կարող թեթեւացնել: Անհրաժեշտ է քաղաքական որոշումների արդյունքում կարգավորել ժողովրդին հուզող խնդիրները: Իսկ դա հնարավոր էր միայն քաղաքական թիմի հետ աշխատանքի արդյունքում: Ու որոշեցի անդամագրվել կուսակցություններից մեկին, եւ իմ ծրագրերին համահունչ դրույթներ ունեցող կուսակցությունն ինձ համար եղավ «Բարգավաճ Հայաստան»-ը, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, իսկ ԲՀԿ-ի վարած քաղաքականությունը` ինձ հոգեհարազատ:
-Դուք բազմաթիվ մրցակիցներ ունեք, որոնք կարկառուն դեմքեր են. ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր, ե՛ւ ընդդիմադիր գործիչ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Պետք է նշեմ, որ իմ ամենագլխավոր մրցակիցը ժամանակն է, եւ ես պայքարում եմ ժամանակի հետ: Կարծում եմ, որ ժամանակը կբավականացնի ներկայանալու իմ ընտրողներին, ներկայացնելու իմ կատարած աշխատանքը: Ես մտահոգվելու խնդիր չունեմ, որովհետեւ իմ նախկին տարածաշրջանից հազարավոր քարոզիչներ ունեմ: Եւ բազմաթիվ մարդիկ կան, որոնք լավատեղյակ են իմ կատարած աշխատանքներին: Ես ընդամենը մի օրինակ բերեմ. ինձ մոտ մի քանի կանայք էին եկել եւ ասում էին, թե Ապարանի էսինչ գյուղի մածուն բերողն այնքան ա գովել Ձեզ, որ եկել ենք Ձեզ տեսնելու: Նույնիսկ մածուն բերողներն են ինձ համար քարոզում: Իմ միակ մրցակիցը ժամանակն է:
-Ինչո՞ւ եք անընդհատ պնդում, թե Ձեր միակ մրցակիցը ժամանակն է:
-Դա նշանակում է, որ հնարավորություն ունենամ ժամանակի կտրվածքով իմ ծրագրերն առավելագույնս ներկայացնել Էրեբունի-Շենգավիթ վարչական շրջանների առավել շատ ընտրողների: Որպեսզի ժամանակը բավականացնի, ու կարողանամ անձնապես հանդիպել եւ զրուցել բնակիչների հետ, ինչը ես ընթացքում իրագործում եմ:
-Քանի՞ անգամ եք մոտեցել Ազգային Ժողովի ամբիոնին:
-Ես ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում աշխատում եմ արդեն ինը տարի: Բոլոր վարկային եւ միջազգային պայմանագրերի մոտավորապես վաթսուն տոկոսն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ինձ է վստահել: Ես եմ խորհրդարանի ամբիոնից դրանք ներկայացրել: Երբեմն որոշ լրատվամիջոցներ թյուրըմբռնում են ունենում այն մասին, թե միայն Ազգային Ժողովի նիստերով է պայմանավորված պատգամավորի աշխատանքը, եւ ներկա-բացական հաշվում են` կոճակ սեղմելով: Բայց դա այդպես չէ, որովհետեւ Ազգային Ժողովի աշխատանքը սկսվում է ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկումներից:  
-Սովորաբար ընտրվելուց հետո թեկնածուները մոռանում են ընտրողներին եւ նրանց տրված խոստումները: Դուք ինչպե՞ս եք վարվելու:
-Ես էդ «սովորաբար» թեկնածուներից չեմ, կարող եք հետաքրքրվել այսքան տարիների իմ աշխատանքի գնահատականի մասին եւ կարծիք ձեւավորել: Ի դեպ, որոշ լրատվամիջոցների հարցումների արդյունքում ես` իբրեւ պատգամավոր, իմ աշխատանքի արդյունավետությամբ 4-դ տեղն էի գրավել: Չնայած դրան, այդուհանդերձ, ինձ համար կարեւորը ժողովրդի գնահատականն է:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
R




Լրահոս