Օրենքի 8 կետերը հստակ սահմանադրական են. նախարարը՝ կուտակայինի օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով երիտասարդ դասախոսների բարձրացրած խնդրի առնչությամբ աշխատանքներ են տարվում:

Հիշեցնենք, որ«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի համաձայն, պետական բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներից նպատակային սոցիալական վճար է պահվում ինչպես բուհի աշխատավարձից, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձից:

Դրանից ելնելով մի շարք դասախոսներ բաց նամակով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանինˋ նոր օրենքում փոփոխություններ կատարելու պահանջով:

«Վարչապետը հանձնարարել է, և այդ ուղղությամբ ֆինանսների նախարարության հետ աշխատանքներ են տարվում կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու համար»,-ասաց Ասատրյանը:

Անդրադառնալով քառյակի՝ կուտակայինի հարցով կրկին Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքին ու օրենքում առկա վիճահարույց կետերին, նա նշեց.

«Կարծում եմ բոլորի աշխատանքների մեջ էլ թերություններ լինում են, բնականաբար մեզ մոտ էլ կարող են լինել: Եթե ուշադրությամբ հետևել եք այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնվել էր և այն դիրքորոշումը, որը ներկայացրել էր Սահմանադրական դատարանը, դուք կգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները:  Մոտ 8 կետերի մասով դրանք հստակ նշվել են, որ սահմանադրական են»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք նաև, որ ոչ իշխանական չորս ուժերն օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով կրկին դիմելու են Սահմանադրական դատարան:




Լրահոս