ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 3-րդ պոչամբարի կառուցման մասին խոսակցությունները գնալով ավելի մեծ թափ են ստանում: Թեեւ բնապահպանները պնդում են, որ երրորդ պոչամբարի կառուցումը եւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի գործունեությունը վատ ազդեցություն կունենան Մելիքգյուղի վրա, այնուամենայնիվ, գյուղի բնակիչներին արդեն համոզել են: Նրանք հասցրել են այս հարցի մասով փոխել իրենց դիրքորոշումը:
«Ելնելով սոցիալապես ծանր պայմաններից, մարդիկ ստիպված են համաձայնել աշխատել հանքավայրում, որովհետեւ գյուղի բնակիչների մեծ մասին ՌԴ-ից հետ են ուղարկում: Նրանք էլ ցանկություն են հայտնել աշխատել իրենց առողջության հաշվին, դիմել ու ընդգրկվել են: Ես էլ ստիպված եմ քայլել բնակիչների հետ»,- համայնքում առկա իրավիճակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես նկարագրեց գյուղապետը:
Ի դեպ, վերջերս տեղի են ունեցել նաեւ Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված՝ բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումները: Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընդամենը մի քանիսն են դեմ արտահայտվել երրորդ պոչամբարի կառուցմանը: