ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ,Մեդիամաքսե գործակալությանը՝ պատասխանելով քաղաքականություն վերադառնալու հնարավորության, ներկայիս իշխանությունների և ԲՀԿ–ի հետ հարաբերությունների, ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումների, շախմատի և քաղաքականության հետ կապի և այլ թեմաների մասին։ Քոչարյանը կրկին անթաքույց քննադատության է ենթարկել ներկայիս իշխանություններին՝ հատկապես տնտեսական կտրվածքով։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։
– Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին:
– Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որևէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել և չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող): Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության:
– Այս պահի ամենաարդիական և ամենաքննարկվող հարցը. ի՞նչ կապ ունեք ,Բարգավաճ Հայաստանիե հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը:
– Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի և քաղաքական մրցակցության երաշխավորի դերում:
ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձևաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանականընտրությունների նախաշեմին երևի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը:
Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին և չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ ,պատկանելությունըե որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:
Իսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է և ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա:
– Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող իշխանության հետ: Խոսվում է այն մասին, որ Դուք ինչ-ինչ ստվերային և ապագայում բացահայտվելիք պայմանավորվածություններ ունեք իշխանության հետ:
– Որևէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ և չէի էլ կարող ունենալ: Իշխանությունը ուղիղ և հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության և պատասխանատվության միջև առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որևէ նշանակություն չունի:
Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաև նախագահին:
Ինձ ընդդիմություն չեմ համարում և հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած և այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն և դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին:
Արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, և ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետևում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեև հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ:
– Դուք ասում եք, որ դժգոհ եք իշխանության գործունեության տնտեսական արդյունքներից: Բայց անցած մի քանի ամիսների ու հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում տնտեսության պատասխանատուները բազմիցս խոսել են այն մասին, որ մարդկանց ապրուստը առանձնապես չի վատացել և որ մեր տնտեսությունը այնքան էլ վատ վիճակում չէ: Ավելին, այս համատեքստում բազմիցս ներկայացվել են կառավարության տնտեսական հաջողությունները:
– Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության և հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենևին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն:
Երկրի տնտեսական և քաղաքական առողջության ,ձայնաազդանշանային համակարգըե արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում:
– Ի՞նչ եք կարծում, առկա են արդյո՞ք այսօր այն նախապայմանները, որոնց մասին խոսել եք մեր գործակալությանը տված վերջին հարցազրույցում: Եվ եթե` այո, ապա կարելի է արդյո՞ք ասել, որ Դուք այժմ կամ ապագայում հնարավոր է վերադառնաք մեծ քաղաքականություն:
– Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ:
– Ի՞նչ են նշանակում Ձեր պարբերական հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ:
– Վլադիմիր Պուտինի հետ մենք արդյունավետ համագործակցել ենք 8 տարի` առանձնահատուկ անձնական փոխըմբռնմամբ: Վերլուծեք այդ տարիները և կտեսնեք, որ ոչ թե խոսքերով, այլ գործերով երկկողմ հարաբերությունների ամուր հիմքեր են դրվել, հատկապես` տնտեսական դաշտում:
Տարօրինակ չէ՞ր լինի արդյո՞ք, եթե այդ հարաբերությունները շարունակական չլինեին: Հուսով եմ` չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են:
– Մեկ–երկու տարի առաջ մեր քաղաքական և քաղաքագիտական բառապաշարը հարստացավ շախմատից փոխառված բազմաթիվ տերմիններով և համեմատություններով: Եթե դիտարկենք այդ համատեքստում, ապա ի՞նչ խաղ է այժմ ընթանում և ինչպիսի դերակատարություն ունեք այդ խաղում Դուք:
– Ընդհանրապես, քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է երկու պատճառով.
1. Երկիրը կառավարելիս չպիտի ամենևին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ ,հաղթելե պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը և կոռուպցիային:
2. Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի ,գլուխըե: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ ,թագավորությանե կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգևորել որևէ մեկին (բացի թագավորից):
Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, և լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում: