Օրեր առաջ «Ազատամարտիկների դաշինք»-ի հրամանատարները Երևանում ընդլայնված նիստ են անցկացրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ազատամարտիկները որոշել են գալիք շաբաթվա սկզբին ասուլիս հրավիրել եւ ներկայացնել իրենց դաշինիքը, իսկ արդեն հոկտեմբերի 10-ին մասնակցել Ազատության հրապարակում եռյակի կազմակերպած համապետական հանրահավաքին:
Դեռեւս սեպտեմբերի 26-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը մտադիր է մեծ դաշինք ձևավորել, որպեսզի հոկտեմբերի 10-ին միանա Ազատության հրապարակում կայանալիք եռյակի կազմակերպած համապետական հանրահավաքին: Ու ըստ մեր տեղեկությունների՝ դաշինքում արդեն որոշում է կայացվել, որ նշված օրը իրենք անպայման գնալու են Ազատության հրապարակ: Դաշինքն այդ օրը մոտ 1500 հոգանոց ազատամարտիկների խումբ է կազմելու ու մասնակցելու է հանրահավաքին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Երեւանում կայացած նիստին ներկա են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալի Սամո, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը վերջերս է վերադարձել Հայաստան, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, «Արաբո» ջեկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ այլք:
Ըստ դաշինքի տարածած հաղորդագրության՝ նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել Դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, գեներալ Գագիկ Մելքոնյանը. «Այսքան ժամանակ չենք խառնվել, մտածելով, որ իշխանությունները մի օր խելքի կգան ու կմտածեն ժողովրդի մասին»,-հայտարարել է ազատամարտիկն ու կոչ արել իր մարտական ընկերներին մի կողմ դնել վախի, երկմտանքի զգացողությունները եւ սկսած պայքարը տանել մինչեւ վերջ. «Արե՛ք, էս անգամ չվախենանք թույլ տեղերի համար, վախը շպրտե՛նք մեզնից ու կանգնե՛նք… ու մի՛շտ ենք կանգնելու»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրենց դաշինքը հոկտեմբերի 10-ին մասնակցելու է եռյակի հրավիրած համապետական հանրահավաքին: «Այո՛, որոշում ենք կայացրել, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելու ենք, տղաների հետ հավաքվելու ենք Առնո Բաբաջանյանի արձանի մոտ ու գնալու ենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենալու»: Մեր զրուցակիցը հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ իրենք հոկտեմբերի 7-ին ասուլիս են հրավիրելու, որի ժամանակ հայտարարելու են իրենց դաշինքի մասին: Ըստ Եղիազարյանի՝ իրենք մասնակցելու են հանրահավքին՝ հասկանալու համար, թե եռյակն ինչ նպատակներ է հետապնդում, որից հետո նոր որոշեն իրենց հետագա քայլերը:
Սոնա Գրիգորյան