Քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի` Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորվածներից մեկը` Տիգրան Ասատրյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանել է, որ խափանման միջոց կալանքը գործածելու հիմքեր այս պահին չկան, ուստի՝ որոշում է կայացվել այն ստորագրությամբ ազատ արձակելով փոխարինելու մասին:
«Այս պահին դեռևս նախաքննությունը շարունակվում է: Տիգրանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային, և նա ազատ է արձակվել»,- հավելեց պաշտպանը:
Գործի շրջանակներում մյուս կալանավորված անձը` Իսրայել Սարգսյանը` Իսոն, դեռևս կալանքի տակ է: Armlur.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արսեն Սարդարյանը հայտնեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող մանրամասներ ներկայացնել, սակայն վստահեցրեց, որ իր պաշտպանյալին ևս կալանքի տակ թողնելու հիմքերը բացակայում են:
Հիշեցնենք, որ 2014 հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա և արդեն մահացած վիճակում տեղափոխել թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235 հոդվածով: Այս գործով կա ևս մեկ կալանավոր, ով Արթուրի սանիկ Տիգրանն է:
Նշենք` երբ այս քրեական գործի նախաքննությունն ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, և գործի քննության ընթացքը մտավ գաղտնի փուլ: Հավելենք, որ սպանված Մովսես Ներսիսյանի դին մինչ այժմ չի գտնվել: