ՊԱՏՇԳԱՄԲԻ ՎԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի դատավարության ժամանակ, հարցաքննվեց գործով վկա ամերիկահայ Ալեքս Էմիլ Ժոզեֆին Միրզոյանցը: Վկայի ցուցմունքի ժամանակ ամբողջ դատարանը ուշադիր լսում էր` հասկանալու համար, թե նա, ի վերջո, տեսել է այդ վիճաբանությունը, թե ոչ: Վերջինս  նշեց, որ ինքը միջադեպին հետեւել է Տերյան 42 շենքի իր բնակարանի պատշգամբից:
Նախ համառոտ հիշեցնենք դեպքի մանրամասները` ըստ պաշտոնական հաղորդագրության:  2011թ. օգոստոսի 9-ին վերը նշված անձինք բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի  հարակից տարածքից՝ ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով: Այնուհետեւ նրանք ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց:
Մինչ օրս անազատության մեջ է գտնվում միայն Տիգրան Առաքելյանը, որն Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ մյուսները մեղադրվում են խուլիգանության մեջ: Երիտասարդները նշել էին, որ այդ միջադեպի ժամանակ եւ ոստիկանության բաժնում իրենց ծեծի էին ենթարկել:
Երեկ գործով վերջին վկան էր քննվում: Նա հայերենին լավ չէր տիրապետում, հազիվ էր կարողանում բացատրել, թե այդ օրն ինչ է տեսել: Ալեքս Էմիլ Ժոզեֆին Միրզոյանցը նախ կցկտուր պատմեց, որ ինքը տանն է եղել եւ հանկարծակի «ձեն-ձուն» է լսել: Դուրս է եկել ու տեսել, որ մի քանի հոգի կռիվ են անում, հետո՝ որոշ ժամանակ անց, նկատել է, որ մոտ 50 ոստիկաններ են եկել դեպքի վայր: Իսկ միջադեպից հետո ոստիկաններն արդեն իր տանը ցուցմունք են վերցրել իրենից:
Թե՛ մեղադրող կողմը, թե՛ ամբաստանյալները վկային հարց ուղղեցին` պարզելու համար, թե իրականում ինքը կոնկրետ ինչ է տեսել այդ օրը: Վկան մի կերպ պատասխանեց նրանց հարցերին, իսկ կոնկրետ դեպքի մասին` թե քանի մարդ է  եղել, ովքեր են մասնակցել կռվին, ով ում է ծեծել, ասաց, որ չի հիշում: Միայն անընդհատ կրկնում էր, որ ինքն իր ցուցմունքի մեջ ամեն ինչ ասել է: Իսկ ցուցմունքը գրել է քննիչը, քանի որ ինքը հայերեն չի կարող գրել:
Այս ամենից հետո մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց  հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ կան էական հակասություններ՝ կապված այն դրվագի հետ, որ վկան նշում է, թե չի տեսել՝ միջադեպի ժամանակ ով ում է հարվածել: Մինչդեռ նախաքննական ցուցմունքում շատ պատկերավոր պատմել էր, թե ով ում է ծեծել, ով այդ օրը ինչ գույնի շոր էր հագել եւ շատ այլ մանրամասներ:
Տարօրինակ էր նաեւ այն, որ վկան նախաքննական ցուցմունքում գրել էր «կոլոտ տղայի եւ գանգուր մազերով մեկ այլ տղայի մասին»: Սակայն երբ վերջինիս հարցրին, թե կարող է ասել՝ դատարանում ներկաներից որն է կոլոտը, որը` գանգուր մազերով տղան, վկան երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ում մասին է խոսքը:
Դատախազի` ցուցմունքի վերաբերյալ հարցերին վկան պատասխանում էր` ճիշտ է, իսկ երբ պաշտպանական կողմը խնդրում էր նկարագրել մեղադրյալներից որեւէ մեկի գործողությունը, նա չէր կարողանում դա անել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս