ՀՀ Ազգային ժողովում աշխատանքի երկարամյա կենսափորձ ունեցող պատգամավորներից մեկը արթիկցի Մխիթար Վարագյանն է, որը խորհրդարանում բացի կոճակ սեղմելու առաքելությունից, ուրիշ որեւէ գործառույթ չունի: Նրա միակ արժանիքը Ղազախստանում հարուստ եղբայր ունենալն է:Թե ով է եղել Մխիթար Վարագյանը կամ ով է այսօր, դժվարանում են ասել անգամ նրա պատգամավոր գործընկերները. չհիշվող մի դեմք, որն անընդհատ հեռախոսով խոսում է խորհրդարանի միջանցքներում: Թեեւ անդեմ կերպարի մեջ մտած խորհրդարանականներ հայրենի օրենսդիր մարմնում շատ կան, բայց Մխիթար Վարագյանը նրանցից շատերից տարբերվում է բավականին հետաքրքիր առանձնահատկություններով: Մեր երկրի համար օրենքներ ընդունելու պարտավորություն ստանձնած Վարագյանը բանակում չի ծառայել: Համենայնդեպս, նրա կենսագրական տվյալների մեջ նման տեղեկություն չկա: Բայց միայն դա չէ ողբերգությունը: Պարբերաբար մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Վարագյանը, որն Ազգային ժողով է գործուղվել օրենքներ ընդունելու, 29 տարեկան հասակում ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը` ստանալով Ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում: Բայց հետաքրքիրն այն է, որ Մոսկվայում ուսանելու տարիներին Վարագյանը միաժամանակ աշխատել է Արթիկի «Միկրո Սթար» ՍՊԸ-ի տնօրեն: Ուսանող-տնօրենը ինստիտուտն ավարտելուց մեկ տարի հետո նշանակվել է Ալմա Աթայի (Ղազախստան) «Օպտիմա Տրեյտ» ընկերությունում` առաքման բաժնի մենեջեր, ապա` բաժնի գլխավոր մենեջեր, հետո առաջ է գնացել` դառնալով փոխնախագահ: Այս կասկածելի կենսառիթմից հետո Մխիթար Վարագյանը վերադարձել է Հայաստան ու թռիչքային արագությամբ ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր եւ այսօր ՀՀ օրենսդիր մարմնում զբաղվում է առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով: Նա ընդգրկվել է մի հանձնաժողովի կազմում, որի մասին հաստատ գաղափար չունի, նրա կենսագրության որեւէ դրվագ երբեւէ չի առնչվել նշված ոլորտի անգամ ենթաճյուղերից որեւէ մեկին: Բայց գլխավորն այն է, որ նա ԱԺ ղեկավարության դրդմամբ, այսուհետ ստիպված է մտահոգվել մայրության խնդիրներով:Մխիթար Վարագյանը ԱԺ-ում մշտապես գործել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար, նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի «թեւի տակ»: Նախ «Ժողպատգամավոր» խմբի անդամ էր, բայց երբ Կարապետյանը մտավ ՀՀԿ, Վարագյանը գերադասեց մնալ անկուսակցական` շարունակելով պահպանել իր «ուրույն դիրքը» Կարապետյանի թեւի տակ: Այս պահին էլ պատգամավորը որեւէ խմբակցության անդամ չէ: Եւ իր այդ կարգավիճակի համար Վարագյանը պարտական է բացառապես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բանն այն է, որ Վարագյանի հարուստ եղբայրը` Դավիթը, Աղվան Հովսեփյանի մտերիմն է, ինչի հետեւանքով Մխոն «ֆռֆռում» է Հայաստանում: Դավիթ Վարագյանը Ղազախստանում լուրջ բիզնեսներ ունի: Բայց քանի որ եղբայրները Հայաստանում են, նրանց էլ է «զբաղվելու» բաներ տվել` քարի հանք, տոնավաճառի շինարարություն ու էլի ինչ-որ մանր-մունր բաներ է գնել եղբայրների համար: Վարագյան եղբայրներից մեկն էլ վերջերս քաղաքապետ դարձավ: Իհարկե, մեծ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ ընտրվեց: Ու հենց սրանից հետո էլ պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը պատերազմի տարիներին ինչ-որ ընկերություններ է ղեկավարել, դարձավ «Երկրապահ»-ի անդամ: Այսինքն` տեսնելով, որ քաղաքական կուսակցություններին անդամագրվելը գուցե այդքան էլ լավ վերջաբան չի ունենա իր համար, Վարագյանը վերջապես կողմնորոշվեց` ինչ անել. նա դարձավ խաղաղ օրերի ազատամարտիկ: Իհարկե, այլ հարց է, թե «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն ի՞նչ արժանիքների ու վերաբերմունքի համար է Վարագյանին ԵԿՄ անդամատոմս տվել, բայց փաստ է, որ այս պատգամավորը «նորացված երկրապահներից» է: Վերջում նշենք, որ այսպիսի կենսագրություն ունեցող պատգամավորը նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթեց Մուշեղ Սաղաթելյանին, որը 2008-ի նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց` անհեթեթ մեղադրանքներով եւ միայն վերջերս ազատ արձակվեց:Բայց վերադառնալով Մխիթար Վարագյանի խորհրդարանական գործունեությանը` նշենք, որ նա 2003 թվականից լինելով Ազգային ժողովում, որեւէ միտք չի արտաբերել: Ընդ որում, չի խոսել ոչ միայն ԱԺ ամբիոնից, այլեւ լրագրողների հետ: Միայն «պատերի տակի» մակարդակով արթիկցի պատգամավորը դժգոհություն է հայտնել մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից` այդպես էլ չգիտակցելով, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նա պարտավոր էր քայլեր ձեռնարկել` այսօրվա իրավիճակը շտկելու համար: ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ10 02 2011
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՈՐ Ո՛Չ ԳՎՈՒՄ Է, Ո՛Չ ԲՎՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ԸՆՏՐՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ